«Հաջորդ տրամաբանական քայլը» Լուսնի վրա բազայի, Մարսի վրա՝ քաղաքներ հիմնելն է

Իլոն Մասկ․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

50 տարի անց մարդկությունը կկանգնի տեխնոլոգիաների, տիեզերական ճանապարհորդությունների եւ ԴՆԹ-ի հետազոտությունների առջեւ: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով ռուսական «Նոր գիտելիք» մարաթոնին:

Նրա խոսքով՝ ապագայում հրթիռները միակ փոխադրամիջոցը կմնան, որն էլեկտրականություն չի օգտագործի շարժվելու համար: «Ամբողջ տրանսպորտը, հավանաբար, էլեկտրական կլինի: Հեգնականն այն է, որ հրթիռները միակ բացառությունը կլինեն»:

Տիեզերքի մասին

ՄՏԿ նախագծի տրամաբանական շարունակությունը կլինի միջազգային հենակետերի ստեղծումը Լուսնի եւ Մարսի վրա: «Կարծում եմ, որ տիեզերակայանը կարեւոր գործառույթ ունի, կարծում եմ, որ տիեզերքում համագործակցությունը շատ կարեւոր է, բայց պետք չէ ինչ-որ հարցերի վրա կանգ առնել»,- ասել է Մասկը: Ըստ նրա՝ «հաջորդ տրամաբանական քայլը» Լուսնի վրա բազայի Մարսի վրա քաղաքներ հիմնելն է:

Նրա խոսքով արեգակնային համակարգից դուրս թռիչքների համար մարդկությունը պետք է հականյութ օգտագործի:

«Մոտակա արեգակնային համակարգը չորս լուսային տարի հեռավորության վրա է: Այն պետք է այլ կերպ ուսումնասիրել: Եվ դա անելու ամենաարդյունավետ միջոցը... հականյութի օգտագործումն է, ինչպես նաեւ նյութերի փլուզումը... եւ այդ ժամանակ հնարավոր կլինի դուրս գալ Արեգակնային համակարգի սահմաններից»,- ասել է նա:

Մասկը չի բացառել կյանքի գոյությունը Երկիր մոլորակից դուրս, բայց պարզաբանել է, որ դա դեռ ոչ ոք չի տեսել. «Որքանով մենք գիտենք, մերը միակ կյանքն է, որ գոյություն ունի: Գուցե կա եւս մեկը, բայց դրա նշանները դեռ չենք տեսել»:

Մասկի խոսքով՝ «գիտակցության սահմաններն ընդլայնելու համար» կարեւոր է զարգացնել մարդկանց եւ արհեստական բանականության փոխգործակցությունը: Նա մարդկային գիտակցությունը համեմատել է մոմի հետ, որի կրակը վառվում է մթության մեջ: «Մենք պետք է պայքարենք գիտակցության սահմանների ընդլայնման համար եւ համոզվենք, որ գիտակցության այս մոմը չի հանգչում»,- ասել է Մասկը:

Ընդ որում, Space X-ի ղեկավարը բացատրել է, թե ինչու է ինքն իրեն այլմոլորակային եւ ապագայից եկած համարում, հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը: Ֆորումի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ հարցազրույցում Մասկը նշել էր, որ ինքն ապագայից է, եւ գործարարին խնդրել էր ապացուցել դա: Դրան ի պատասխան Մասկն ասել էր. «Մի՞թե դա ակնհայտ չէ»: «Կատակ եմ անում, երբեմն ես կատակում եմ: Եվ երբ ինձ հարցնում են՝ «մի՞թե դուք այլմոլորակային չեք», ես ասում եմ՝ «չէ որ դա ակնհայտ է»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ աշխատում է տեխնոլոգիաների հետ: