Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը

Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ

Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, լրագրող Լուսինե Բադալյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Աղբի մասին.

Երեւանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:

Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են:

Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է: Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առեւտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու:

Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարաային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր-օրի որակազրկվող կրթություն ու դրա հետեւանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտագության խնդիր է:

Մնացած ամեն ինչի մասին.

Պետք է բոլոր ներդրումներն ուղղել մարդկային կապիտալին, դա մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող կապիտալն է, հայկական գենը ներդրում է ուզում: Այնտեղ որտեղ այն գտնվել է, տեղի են ունեցել աշխարհի գլխավոր առաջընթացները: Եւ այն միշտ գտնվել է օտար երկրներում: Հիմա այն կա նաեւ մեր պետությունում: Պետք է անխնա ֆինանսավորել մանագետների կրթումը, ներսում, դրսում, ու վճարել նրանց ավելին, քան կարելի է պատկերացնել: Եւ այդ դեպքում կփոխվի ներդրումային էֆեկտիվության բալանսը: Միայն այդ դեպքում միավոր ներդրված դրամի ավելացված արժեքը կստանանք բազմապատիկ ավել: Մենք այլընտրանք չունենք:

P.S. ձվի մեջ մազ փնտրելու սիրահարներին` շարադրանքս ամենեւին աղբի դարակազմիկ թեմայից աղբաքննադատներին շեղելը չէր»։