Դա ՀԱՊԿ տարածք է և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք

Մանրամասներ

1Երեկ դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետև հասկացել ենք, որ մեր գործընկերներին պետք է ներկայացնենք հիմնավորումներ, որ դա հատկապես մեր տարածքն է։ Այսօր այդ հիմնավորումը կայացել է, ինչը նշանակում է, որ արդեն իրավիճակը կարող է մեկնաբանվել նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով, որտեղ ասվում է հետևյալը, եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում արվում է կոնկրետ աշխատանք, և մենք անցնում ենք ճանապարհ։ Այսօրվա մեր արձանագրումն այն է, որ մենք, գնահատելով իրավիճակը, որոշել ենք նախ ձևակերպել հարցի իրավաքաղաքական կողմը, որպեսզի մեր դիրքավորումը ճիշտ լինի այս իրավիճակում»,- ասաց նա։

«Միջազգային հանրության և ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո տվյալ կոորդինատներով տարածքը ո՞ր երկրին է պատկանում։ Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը, իրենց աշխատանքային քարտեզներով և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի, սահմանային գծերի և կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները։ Քանի որ ադրբեջանցիները պնդում են, որ իրենք ունեն քարտեզներ, համաձայն որոնց դա իրենց տարածքն է։ Այսօր արձանագրվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն էլ այդ տարածքը ՀՀ տարածք է։ Սա նշանակում է, որ դա ՀԱՊԿ տարածք է և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք»,- հավելեց Փաշինյանը։