«Պաղեստինցիներն ու իսրայելցիներն արժանի են հավասար ազատությունների և բարգավաճման»․ ԱՄՆ պետքարտուղար

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում ընդգծել է պաղեստինցիների և իսրայելցիների միջև բռնության դադարեցման կարևորությունը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է The Straits Times-ը։

«Կողմերը քննարկել են Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում բռնությունները։ Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է հրթիռակոծությունները և ընդգծել լարվածության թուլացման և ներկայիս բռնության դադարեցման կարևորությունը։ Էնթոնի Բլինկենը նաև վստահություն է հայտնել, որ պաղեստինցիներն ու իսրայելցիներն արժանի են հավասար ազատությունների, արժանապատվության, անվտանգության և բարգավաճման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: