Զոհեր, վիրավորներ և կրակոցներ չկան և չեն էլ եղել․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա Սյունիքում ընթանում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման պրոցես։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզով եկել էին ինչ-որ բարձունքի վրա եկել և ասում էին, որ մերն է այս բարձունքը։ Էլի են լինելու այսպիսի դեպքեր։ Մի տեղ մենք ենք առաջ գնալու, իրենք են շուխուռ անելու, և մյուս անգամ էլ հակառակը»,- ասաց նա։ 

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Սյունիքում լարվածության առիթ էր պետք, որպեսզի շատերը դա ճոխացնեն, և երկիրը դնեն լարվածության մեջ։

«Սյունիքի մասին տարածված հաղորդագրությունը ձնագնդիի պես սկսվեց փոխանցվել մեկը մյուսին։ Գործընթացի մեջ ներգրավվեցին նաև քաղաքականության մեջ ընդգրկված անհատներ, օրինակ՝ Վահե Հակոբյանն ասել էր, որ Սյունիքում կան վիրավորներ։ Զոհեր, վիրավորներ և կրակոցներ չկան և չեն էլ եղել։ Այդ կրակոցների մասին Վահե Հակոբյանը որտեղից գիտի՝ իր ականջով է լսել, թե իր ուղղաթիռով պտտվում էր այդ կրակոցների տարածքում։ Այդ դեպքում թող ուղղաթիռը իջեցներ, ավտոմատը վերցներ և կանգներ այդ դիրքը պաշտպանող տղաների կողքին, այլ ոչ թե պանիկա տարածեր։ Տիկին Արինա Հովհաննիսյանը գրել էր, որ մարտական գործողություններ են ընթանում։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզի, թե այս տիկինը որտեղից է վերցրել այդ ինֆորմացիան կամ ով է ասել, որ տարածի»,- ընդծեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ դեպի Գեղարքունիքի մարզի Վերնին Շորժա գյուղի ուղղությամբ առաջխաղացում չի ունեցել․ «Մինչև ձեզ հետ հանդիպելը ես բոլոր հարցերի պատասխանները ստացել եմ համապատասխան կառույցների ղեկավար կազմից»։