Գնաճը շարունակում է ակտիվանալ. Կենտրոնական բանկը կրկին բարձրացնում է փողի գինը

Մանրամասներ

ա

Գնաճի բարձր տեմպերը կրկին սկսել են անհանգստացնել Կենտրոնական բանկին։ Մի պահ դադար վերցնելուց հետո՝ մայիսի 4-ին, ԿԲ-ն ևս մեկ անգամ վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Վերջին 5 ամսվա ընթացքում սա արդեն երրորդ վերանայումն է։ Այդ ընթացքում Կենտրոնական բանկը փողի գինը բարձրացրել է 1,75 տոկոսային կետով։

Մինչև անցած տարվա վերջ այն 4,25 տոկոս էր. դեկտեմբերի կեսին ԿԲ-ն տոկոսադրույքը միանգամից բարձրացրեց՝ 1, այս տարվա փետրվարին՝ 0,25 տոկոսային կետով։ Եվս 0,5 տոկոսային կետով աճ տեղի ունեցավ մայիսի սկզբին։

Արդյունքում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերստին հասել է 6 տոկոսի։ Սա 2017թ. փետրվարից հետո փողի ամենաբարձր գինն է։

Փողի գինը բարձրացնելով՝ Կենտրոնական բանկն ակնկալում է զսպել գնաճի տեմպը։ Բայց ոչ այս պահին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի վրա լագային ազդեցություն ունի։ Որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այն թողնի իր ազդեցությունը։ Դա էլ դեռ հարց է՝ կթողնի՞, թե՞ չէ։ Միշտ չէ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման ազդեցությունն այնպիսին է, ինչպիսին ակնկալվում է։

Ամեն դեպքում՝ Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարել հերթական անգամ գնալ փողի թանկացման։ Գնաճը դուրս է եկել նախատեսված թիրախի վերին սահմանից և շարունակում է առաջ գնալ։ Այն խժռում է մարդկանց եկամուտները՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։

Ընտրությունների նախաշեմին սա չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Հատկապես, երբ մարդկանց եկամուտները շատ ավելի դանդաղ են աճում, քան գնաճի տեմպն է։ Տեղի է ունենում աղքատության խորացում, ինչը չի բխում ընտրությունների գնացող իշխանության շահերից։

Փողի թանկացումը վատ է տնտեսության համար, բայց դա էլ պատճառ չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացնելու համար։

Նախկին բարձրացումներն արդեն թողնում են իրենց ազդեցությունը՝ թանկացել են վարկերը։ Մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի գինը այս տարվա սկզբին բարձրացել է գրեթե 0,7 տոկոսային կետով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը ևս առաջիկայում կթողնի իր ազդեցությունը. վարկերը կշարունակեն թանկանալ։

Վարկերի թանկացումը զսպում է ֆինանսական միջոցների ներգրավումը տնտեսության մեջ։ Այսօր, երբ ներդրումները խիստ կրճատվել են կամ գրեթե դադարել, տնտեսությունը մնացել է վարկերի հույսին։ Սակայն բարձր գնաճը ստիպում է սահմանափակել նաև վարկերի հոսքը դեպի տնտեսություն։

Այսպես չէր լինի, եթե ժամանակին քայլեր արվեին՝ գնաճը զսպելու ուղղությամբ։

Մյուս կողմից՝ որքան էլ գնաճը գալիս է դրսից, այնպես չէ, որ դա բացառապես արտաքին շուկաներում տեղի ունեցող գործոնների հետևանք է։ Գնաճը կապված է նաև ներքին գործոնների հետ, որոնք կարող էին և չլինել, կամ պակաս ազդեցիկ լինել։

Ժամանակին իշխանությունները հպարտանում էին, որ Հայաստանում հաստատվել են բացարձակ մրցակցային հարաբերություններ, գները սկսել են որոշվել արդար մրցակցության մեջ և ոչ թե՝ փակ սենյակներում։

Եթե իրականում այդպես է, ապա ինչո՞ւ գները նույն հաջողությամբ չեն նվազում, երբ թուլանում են գնաճը ծնող պատճառները։ Ասենք՝ դրամի արժեզրկումն անմիջապես երևում է ապրանքների գների վրա, իսկ արժևորումը գրեթե չի նկատվում։

Սա խնդիր է, որն ըստ էության անհանգստացնում է նաև Կենտրոնական բանկին։

«Հետաքրքիր է, որ փոխարժեքների անկման ժամանակ գները նույնքան արագ չեն ընկնում, ի տարբերություն աճի հետ կապված իրավիճակի»,- այսպիսի մի ակնարկ օրերս հնչեցրեց Կենտրոնական բանկի նախագահը։

Այս խնդիրը, իհարկե, նոր չէ, այն միշտ էլ եղել է։ Գները բարձրանալուց հետո դժվարությամբ են նվազում, եթե նույնիսկ նվազում են։ Իսկ դա լրացուցիչ գնաճային ճնշման պատճառ է դառնում։ Այդ գործառույթը հակամենաշնորհային մարմնի կարգավորման տիրույթում է։ Բայց հիմնականում չի կարգավորվում։ Նաև դրա հետևանքով է, որ գնաճը Հայաստանում բարձր է։

Ապրիլի տվյալներով՝ գնաճը հասել է 6,2 տոկոսի՝ նախորդ ամսվա համեմատ խորանալով ևս 0,4 տոկոսային կետով։ Գնաճը շատ ավելի բարձր է սննդամթերքի դեպքում։

12-ամսյա հատվածում մեր երկրում սննդամթերքը թանկացել է 8,3 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գնաճը կազմել է 8,8 տոկոս։

Թերևս, սա էլ ստիպել է Կենտրոնական բանկին վերանայել ու կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախորդ բարձրացումները չի կանխել գնաճը։ Թանկացումները շարունակում են ճնշել շուկան ու սպառողների գրպանը։ Այն կշարունակվի նաև առաջիկա ամիսներին։

Այնուհանդերձ Կենտրոնական բանկը հուսով է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:

Գուցե և այդպես էլ լինի։ Այսօրվա գնաճի ֆոնին՝ հազիվ թե միջին ժամկետ հատվածում այն շարունակի նույնքան բարձր մնալ։ Եթե նույնիսկ ոչինչ էլ չարվի, միևնույն է, տարվա վերջին գնաճը թուլանալու է՝ հաշվի առնելով անցած տարվանից սկսված ակտիվ գնաճային պրոցեսները։

Բայց դա ամենևին չի նշանակում, թե գները հետ են գալու նախկին մակարդակին։ Նույնիսկ գնաճի թուլացման և թիրախին վերադառնալու պարագայում՝ գները մնալու են անհամեմատ ավելի բարձր դիրքում, քան կային նախկինում։

Այնպես որ, գնաճի թուլացումից սպառողներն ուրախանալու առիթ չեն ունենա։ Նրանք կշարունակեն զգալ այսօրվա բարձր գնաճի ազդեցությունը՝ նաև հետագայում։ Ու դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց եկամուտները չեն ավելանում։

Կառավարության խնդիրն է՝ մտածել սպառողների եկամուտները, այն էլ՝ իրական եկամուտներն առնվազն գնաճին համահունչ ավելացնելու մասին։ Բայց կառավարությունն այնպես է խառնել ամեն ինչ, որ եկամուտներն ավելանալու ոչ մի հույս չկա։

Աղբյուրը՝ 168.am