Ի՞նչ է պետք անել Քրիստոսի ներկայությունը զգալու համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Աստված լքե՞լ է մեզ, թողել մենա՞կ մեր փորձությունների դեմ՝ տալով միայն խնդիրներ՝ առանց լուծումների՞։ Նման հիասթափեցնող, փակուղու հասցնող խոհերը ժամանակ առ ժամանակ այցելում են ամենքիս՝ որպես մի փորձություն մեր հավատքի մեջ։

Մեր կյանքում պատուհասած փորձություններն ու խնդիրները այն աստիճան են կլանում մեր առողջ դատողությունը, որ մեր մտքում առաջանում են անգամ նման խոհեր, թե Աստված մեզ լքել է՝ թողնելովմենակ փորձությունների դեմ։ Փորձությունների առաջ ոչ մի քրիստոնյա մենակ չէ, քանի որ կրում է Քրիստոսի խաչը և ունի Նրան՝ որպես իր առաջնորդ, օրինակ և ուղեկից։ Սակայն այս ճշմարտությունը մտքով հասկանալու և սրտով զգալու միջև հաճախ լինում են բաժանարար անդունդներ։

Ի՞նչ է պետք անել Քրիստոսի ներկայությունը զգալու համար։

Անշուշտ, նախ և առաջ ունենալ հավատ առ այն, որ Տերը մեզ երբեք միայնակ չի թողնում, և որ մեր միայնությունը սոսկ հորինվածք է՝ հերթական խնդրից խուսափելու համար։ Կարևոր է նաև գիտակցումը, որ Տիրոջ՝ մեզ հետ լինելը դեռ չի նշանակում հարթ ու արևոտ ճանապարհ, այլ ենթադրում է նաև փորձություններ, խոչընդոտներ։ Չէ՞ որ անգամ Քրիստոսի կյանքը հարթ չէր, թեև նա Աստծո Որդին էր՝ կատարյալը, Փրկիչը։

Մշտապես աղոթենք։ Մեր երկխոսությունը Աստծո հետ հենց աղոթքն է, աղոթելիս է, որ լսում ենք Աստծո ձայնը, ուստի՝ աղոթքներով մեզ բաժին հասած փորձությունները հաղթահարելիս նաև զգում ենք Քրիստոի ներկյությունն ու քաջալերվում այդ փաստից։ Աղոթքի մեջ երբեք մեզ մենակ չենք զգում։

Ականջալուր լինենք ձայնին։ «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ։ (Հայտ. 3։20)։ Գուցե Տերը բախում է մեր հոգու դռները, իսկ մենք չե՞նք լսում, չե՞նք ցանկանում լսել ձայնը։ Մեր հոգու ու մտքի արթնությամբ է, որ պիտի զգանք Տիրոջ ներկայությունը՝ թողնելով Նրան մեր սրտից ու հոգուց ներս։

Մենք՝ քրիստոնյաներս, երբեք ու երբեք մենակ չենք, ուստի՝ փորձենք մեր սրտերը բաց պահել Աստծո առաջ՝ մեր փորձությունների հաղթահարման ճանապարհին չընկնելով մոլորության գիրկը։

qahana.am