Ես միշտ եմ հերոս. դպրոցում էլ էր այդպես

Մանրամասները՝ տեսանյութում

Բոլորին կոչ եմ անում ժամանակ գտնել և անցնել այս փոքրիկ փորձությունը, որը միտված է իրենց ու բոլորիս առողջությունն ապահովելուն։ Այս մասին ԱԺ-ում «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, թե պատվաստումից հետո նորմալ է զգում։

«Ոչ մի սարսափելի բան չկա, որովհետև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր կորոնավիրուսը մտնում մեր կյանք, շատ օբյեկտիվ է գնահատել ամեն ինչը, և ասաց, որ ամենաշուտը մի տարի հետո է լինելու այս պատվաստանյութը, այդպես էլ եղավ։ Մենք պետք է մեծ վստահությամբ լցվենք, որովհետև ոչ մի վտանգ չկա»,-ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ անվերապահորեն հավատո՞ւմ է Արսեն Թորոսյանի ասածին, պատգամավորն արձագանքեց․ «Պատկերացրեք, որ այո։ Սկզբից չէի հավատում, հետո սկսեցի իմ կարծիքը փոխել իր մասին։ Երբ իր մի քանի ասածները դարձան ճշմարտություն, արդեն ստիպված ես հաշվի նստել իր տեսակետի հետ»,- ասաց նա, ապա անդրադարձավ դիտարկմանը, թե շատերը պատվաստումը ռիսկային են համարում․

«Մեզ էլ, երբ փոքր ժամանակ դպրոցում պատվաստում էին, մի մեծ արարողություն էր, ով ուժեղ տղա էր, առաջինը պատվաստվում էր, որ հերոսանար»։

Հարցին՝ հիմա՞ էլ է այդպես, պատգամավորն արձագանքեց․ «Ես միշտ եմ հերոս»։