Ռուսաստանը Սյունիքում իր դերը պահպանելու խնդիր ունի․ հասկանալի չէ՝ ինչպես կավարտվի

Պրոցեսներին և նրան, թե ինչ է լինելու, հետևում են ինչպես Թուրքիայում, Ռուսաստանում, այնպես էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում

1

Վաղը մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետպատերազմյան հերթական այցը տարածաշրջան, որի շրջանակում մայիսի 5-6-ը նա լինելու է Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Այցը կազմակերպվում է աշխարհաքաղաքական ու լոկալ մի շարք ուշագրավ զարգացումների ֆոնին

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սյունիքի միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրա աշխարհաքաղաքական մեծ ուշադրություն է սևեռված: Նրա խոսքով, պրոցեսներին և նրան, թե ինչ է լինելու, հետևում են ինչպես Թուրքիայում, Ռուսաստանում, այնպես էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում: Ավելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բավարարող լուծումներ:

«Այս ամենում Ռուսաստանը խնդիր ունի պահպանել այն դերը, ինչ ունեցել է այս գործընթացում պատերազմի դադարեցումից հետո, ինչը վերջին շրջանում, հատկապես Բայդենի վարչակազմի աշխատանքի անցնելուց հետո, որը խաղի նոր կանոններ է փորձում թելադրել, փոխվել է և սխալ քաղաքականության դեպքում գուցե կորսվի: Այս ճանապարհների նկատմամբ մեծ է հետաքրքրությունը, քանի որ դրանք նաև շահույթներ են բերելու, կապելու են տարածաշրջաններ, հնարավորություններ ստեղծելու նոր էներգետիկ ենթակառուցվածքների և տարանցման ուղիների համար, ստվերելով արդեն իսկ առկա այլ մեծ պրոյեկտներ:

Ուստի այստեղ կան բոլորի շահերը՝ այս կամ այն տեսքով: Թուրքիայի և Ադրբեջանի համար սա Մեծ Թուրանին հասնելու ճանապարհին պատմական նվաճում կլինի, բայց ինչպես տեսնում ենք՝ խոչընդոտներ կան, քանի որ Թուրքիայի նկատմամբ վստահության մակարդակը բավարար չէ ոչ Արևմուտքում, ոչ էլ՝ մյուս կողմերում, այդ թվում՝ Ռուսաստանում: Աշխարհում մրցակցության բնույթը չի փոխվել, կան շահեր, պայքար ազդեցության համար՝ այդ շահերը ստանալու համար»,- ասաց վերլուծաբանը, շարունակելով, որ այս հարցերին է միտված նաև ՌԴ ԱԳ նախարարի այցը: Սակայն նա նաև ընդգծեց, որ այցը չէր առանձնացնի այս գլոբալ պրոցեսներում, քանի որ դրանք պարզապես մեծ քաղաքականության մի մաս են, այդ քաղաքականությունն իրականացվում է նաև հեռակա ռեժիմով, հեռակա ռեժիմով որոշումներ են կայացվում ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասով, բարձրաստիճան բանակցություններ են տեղի ունենում, որոնք ազդում են արդեն եռակողմ բանակցությունների վրա:

«Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը դժգոհ են եռակողմ բանակցությունների արդյունքներից, որով պայմանավորված՝ կոշտացնում են հռետորաբանությունը՝ Հայաստանին ընդառաջ քայլերի փոխարեն, ինչն այս պրոյեկտների օգտին չէ, հատկապես, երբ վերականգնվում է նաև ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որի շրջանակում քննարկվելու են հարցեր, որոնք Ադրբեջանի սրտով չեն: Միջա՞նցք, թե՞ ճանապարհ հարցի քննարկումը տեղին չեմ համարում, քանի որ էականն աշխարհաքաղաքական պրոցեսներն են, բանակցությունները և ոչ ճանապարհի ձևաչափը, որն այս դեպքում բանակցությունների մի բաղադրիչ է: Այս պահին միայն արձանագրում եմ, որ բավականին մեծ զարգացումներ կան այս տարածաշրջանի շուրջ, սակայն թե արդյունքում այս պրոցեսների ինչպիսի դասավորություն կլինի, չեմ կարող ասել, քանի որ ամեն բան ընթացքի մեջ է, և կա դիմակայություն, որը հասկանալի չէ՝ ինչպես կավարտվի»,- ասաց վերլուծաբանը: