Իմքայլական պատգամավորի համար Շուշին Ադրբեջան է. VIDEO

Իրավիճակ

Ազգային ժողովի հերթական նիստում «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ, իր խոսքով՝ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում: 

Պատգամավորը նշեց, որ այդ բարբարոսությունները տեղի են ունենում հակառակորդին անցած տարածքների շինարարական և վերանորոգման շրջանակներում՝ նշելով, որ քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և վերադարձվել 1992 թվականի տեսքին:

«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես  լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա՝ ըստ էության Շուշին համարելով Ադրբեջան։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իր ներկայացրած նոր օրենքի նախագծով Քրեական օրենսգրքի միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է հանցագործություն, որը վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատկանելության պատճառով որևէ խմբի մշակութային արժեքի ոչնչացմանը: