Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցին։
«Արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ կարողանայինք ընդունել ԱԺ ինքնալուծարման մասին օրենքը, և գործադիրին անելիք չլիներ։ Արդյո՞ք չպետք է այլևս արձանագրենք այն փաստը, եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն՝ իրենք սահմանադրական փափոխություններ անելո՞ւ են, թե՞ ոչ։ Պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում, երբ չենք կարողանում քաղաքակիրթ ինքնալուծարման գնալ, անընդհատ խնդիրներ ենք ունենալու»,-ասաց պատգամավորը։
«2018-ին առաջարկ է եղել, որ Սահմանադրությունը փոխենք, բայց ինքս այդ օրակարգին չեմ համաձայնել, որովհետև հասկացել եմ, որ դա միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխություն, բայց այն, որ մեր Սահմանադրությունը շատ լուրջ խնդիրներ ի հայտ բերեց, ակնհայտ է։ Պատկերացրեք՝ երկրում, ըստ էության, պետական հեղաշրջման իրավիճակ է, և այն արմատախիլ անելը տևում է, ասենք, 15 օր»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանադրական փոփոխությունների թեմային չեն կարող չանդրադառնալ, բայց անդրադարձի մեջ չպետք է անձնավորված երևույթներ լինեն։
«Պետք է այնպես անենք, որ Սահմանդրությունը գրելիս՝ անձ նկատի չունենանք, նկատի ունենանք ինստիտուտները։ Այսօրվա մեր խնդիրները կապված են նրա հետ, որ 30 տարի հետո պարզվեց, որ մեր երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա։ Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կար, մենք էլ եկանք այդ ինստիտուտը քարուքանդ արեցինք։ Պարզվեց՝ այն միակ հենարանն է, հանում ես, մնացած ամեն ինչ խաղաքարտային տնակի նման սկսում է քանդվել»,-ասաց նա։
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։
0Comments