Փաշաևները և Ալիևները ցանկություն չունեն, որ Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքները դառնան բնակելի. ԻՐԱՎԻՃԱԿ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նոյեմբերի 10-ի հայտարարագրի ստորագրումից հետո ադրբեջանցիներն անընդհատ ասում են, որ մենք իրենց վերահսկողության տակ մնացած ականապատ տարածքների քարտեզները պետք է իրենց տրամադրենք, որպեսզի ականապատված տարածքներն ականազերծեն: Մեկ առիթով էլ Ալիևն ասել է, որ այդ տարածքներին 13 տարի է հարկավոր, որ իրենք կարողանան ինքնուրույն ականազերծեն՝ առանց քարտեզների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանն առ այն, որ պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները:

Հովհաննիսյանի կարծիքով՝ այս հայտարարությունը ոչ այդքան ուղղված է քարտեզներ վերադարձնելու պահանջին, որքան որ այն մեսիջ է՝ ուղղված իրենց ներքին լսարանին՝ նշելու, որ տարածքներն ականապատված են և երկար ժամանակ չեք կարող այդ տարածքներ գնալ և ապրել:

«Փաշաևների (Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքը: Այդ ընտանիքի անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրի կառավարությունում- խմբ.) և Ալիևների կողմից կա անթաքույց ցանկություն, որ այդ տարածքները բիզնեսի առարկա դարձնել: Նրանք այդ տարածքներում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտում բավականին մեծ ներդրումային ծրագրեր ունեն, և ցանկություն չունեն, որ այդ տարածքում որևէ ադրբեջանցի գործարար կամ բնակչություն հայտնվի, որպեսզի այն բնակելի տարածք չդառնա: Օրինակ՝ Զանգելանի տարածքում հսկայական հանքեր կան, և մտադիր են այդ հանքերը շահագործել առանց ավելորդ աչքերի ներկայության, որպեսզի բնապահպանական խնդիրներ չառաջացնեն: Մեկ-երկու ամիս առաջ մեկ ադրբեջանցի գործարար ցանկություն էր հայտնել Շուշիում տարածք գնելու և տուն կառուցելու, ինչին Ալիևի կլանը խիստ էր արձագանքել, թե իշխանութունները ցանկություն չունեն, որ որևէ մեկը այդ տարածքներում որևէ բան գնի և գործունեություն ծավալի»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի այն հայտարարությանը, որ ոչ միայն Սյունիքի հատվածով, այլ ամբողջ բնագծով մեր և ադրբեջանցիների կողմից դիրքավորված են պաշտպանական զորքեր, ունենք 520 կմ բնագիծ և երբ ռազմաքաղաքական վիճակը հանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկու կողմանի հանձնաժողովներ ստեղծել, որպեսզի ավելի հստակ լինի սահմանը, Հովհաննիսյանը նշեց՝ սահմանների ճշգրտման հարցով պետք է զբաղվի Հայաստանի ԱԳՆ-ն և պետք է միջազգային հանրությունից պահանջի կազմել հանձնաժողովներ.

«Նախաձեռնողը պետք է լինի ԱԳՆ-ն, որպեսզի կարողանան արխիվների բազմաթիվ փաստաթղթերի համադրությամբ այդ սահմանների ճշգրտում իրականացնել: Խոսել, որ իրավիճակը պետք է հանդարտվի, որ ճշտումներ իրականացնեն, դա փափուկ բարձի տպավորություն է թողնում: Երկու կողմերի հանձնաժողովները չեն կարողանալու գործունեություն իրականացնել, քանի որ երկու կողմն էլ շահագիգիռ կողմ են և չեն կարող անկողմնակալ լինել, իսկ միջազգային մասնագիտացված հանձնաժողովներն կարող են առավելագույնս անկողմնակալ լինել և շատ վիճարկելի տարածքներում ոչ խնդրահարույց հարցերին լուծում տալ»: