Պատերազմի ավարտից հետո Արայիկ Հարությունյանն իրեն ավելի շատ հաշվետու է զգում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի, քան անգամ իր երբեմնի պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանի առաջ։
Բացի այդ, Արայիկ Հարությունյանը տակավին վերջերս մասնավոր այցով եղել է Մոսկվայում, դա չի հերքվել իր աշխատակազմի կողմից։ Ըստ տարբեր տեղեկությունների, նա Մոսկվայում ունեցել է ամենատարբեր հանդիպումներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ահա այս իրողությունների ֆոնին, համադրելով Արայիկ Հարությունյանի ոչ ֆորմալ կոնսենսուսը Մուրադովի հետ և նրա վերջին այցը՝ գոյության իրավունք է ստանում հարցը, թե ինչո՞ւ հատկապես Մոսկվայից վերադառնալուց հետո Արայիկ Հարությունյանը խոսեց հոկտեմբերի սկզբին պատերազմի կանխորոշված ելքի ու այն չդադարեցնելու իրողության մասին։
Չէ՞ որ, եթե նրա հայտարարությունից հանում ենք քաղաքական ուժերին վերաբերող հատվածը, մնում է պատերազմը դադարեցնող միակ ֆորմալ սուբյեկտը՝ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ եթե այս բոլոր համընկնումները քննարկում ենք Ռուսաստանի նախագահի հրապարակած ու Հայաստանի իշխանության կողմից չհերքված այն հայտարարության համատեքստում, որ հոկտեմբերի 19-ին Պուտինի կողմից ներկայացվել է Շուշին հայկական կողմին թողնելու պայմանով պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը, սակայն, մերժվել է Փաշինյանի կողմից, պատկերն ավելի որոշակի է դառնում։ Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի միջոցով ռուսական կողմը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ բարձրացնում է պատերազմի՝ արդեն հոկտեմբերին հայտնի ելքի ու այն չդադարեցնելու հարցը, որի պատասխանատուն, անգամ Արցախի նախագահի լիրիկական զեղումների պարագայում, Նիկոլ Փաշինյանն է։
0Comments