Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոններ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալակիր Արսեն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ Վարազդատ Լալայանը և Լիանա Գյուրջյանը, հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը, վարկանիշային մրցաշարերի հաղթողներ՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը և Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ ձեռքբերումները գնահատելու, առկա խնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումները համատեղ քննարկելու տեսանկյունից:
Ընդգծելով, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը բարձր են գնահատում հայ մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում՝ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ դրանց արագ լուծում տալու և այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին հավուր պատշաճի պատրաստվելու համար:
Շոշափվել են, մասնավորապես, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, անհրաժեշտ մարզագույքի, մարզավիճակի պահպանման համար պահանջվող դեղորայքի ձեռքբերմանը, այդ նպատակով գնումների գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով արագ կազմակերպելուն, ինչպես նաև օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների համար սահմանված նպաստների չափաքանակի ավելացմանը, սպորտային ավանի կառուցմանը վերաբերող և այլ հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ քննարկման արդյունքներով մշակել և հաստատման ներկայացնել որոշումների նախագծեր:
0Comments