ՀՀ իշխանությունը Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում ունեցել է զրոյական դերակատարում

Սուրեն Սարգսյան. Մանրամասներ

1

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրն իր ապրիլքսանչորսյան ուղերձում 106 տարի առաջ կատարված ողբերգությունն անվանեց ցեղասպանություն՝ նշելով որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով,- Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարեց բացառիկ՝ շեշտելով, որ ԱՄՆ որևէ այլ նախագահ, բացի, իհարկե, Ռեյգանից, չի արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը, ուստի բացառիկությունը կայանում է նրանում, որ Ռեյգանի դեպքում Ցեղասպանության ճանաչում չի եղել, այլ եղել է ընդամենը այդ բառի արտաբերումը։

«1982 թվականին ԱՄՆ նախագահներից Ռեյգանը, այո՛, օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, բայց նա դա ասել էր՝ խոսելով Հոլոքոստի մասին, իր ելույթներից մեկում նա դա նշել էր, հետո ամեն ինչ անցել-գնացել էր, և դա չէր դարձել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ։ Ջո Բայդենի պարագան այլ է, սա հենց ճանաչում է՝ բացառապես քաղաքական ճանաչում, ուստի չկա անհրաժեշտություն, որպեսզի այն կնքվի կամ վավերացվի։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ օրենսդիր երկու պալատներն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ շաբաթ օրը արդեն գործադիրը ճանաչեց։ Մենք հիմա ունենք Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչում»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ շեշտելով, որ սա լրացուցիչ փաստարկ է Հայաստանի համար Մարդու իրավունքների դատարան և այլ միջազգային կառույցներ դիմելու համար, որպեսզի այս քաղաքական ճանաչումից բխեցվեն արդեն իրավական գործընթացներ։

Ըստ Սարգսյանի՝ եթե անգամ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիան՝ ոչ, դժվար է լինելու Թուրքիայի վրա ազդեցություն գործելը և այս հանգամանքը որպես ճնշման գործիք օգտագործելը, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդպես պետք է չարվի, իսկ ԱՄՆ-ի կողմից ճանաչումն էլ այդ ճնշման դրսևորման մի ձև էր։

«ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և այս պետությունների շահերն իրար հակասում են, օրինակ՝ Թուրքիան լուրջ զենքի առևտուր է անում Ռուսաստանի հետ, իսկ ՆԱՏՕ-ն ստեղծվել է՝ որպես լուրջ հակակշիռ Ռուսաստանի։ Այնպես որ, այսպես ԱՄՆ-ը նաև պատժում է Էրդողանին, որովհետև այս ճանաչումը նաև խնդիրների առաջ է կանգնեցրել Էրդողանին Թուրքիայի ներսում։ Այս ճանաչումը Թուրքիայի ընդդիմադիրներին շատ լավ նվեր է։ ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ պետք է ակտիվ աշխատեն Էրդողանի ընդդիմության հետ, այնպես որ, սրանով ոչ միայն պատժում են Էրդողանին, այլ նաև՝ Թուրքիային»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը Թուրքիային պատժեց նաև Արցախում վերջին գործողությունների պատճառով, որովհետև ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, 28 տարի ասում էր՝ Արցախի հարցը ռազմական լուծում չունի։

«Պատերազմի օրերին ԱՄՆ-ը բոլոր լծակները թողել էր ՌԴ-ին՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարությունը մեր տարածաշրջանում, և հիմա եկել է մի նոր վարչակազմ, որն ակտիվանում է՝ հաշվի առնելով նաև Բայդենի հայտնի նամակն Ալիևին, որտեղ Բայդենն ասել էր, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ օգնելու են կողմերին հասնելու հարցի լուծմանը։ Սա Բայդենն ասում է Ալիևի այն հայտարարության համատեքստում, որտեղ ասվում է, թե Արցախի հարցը լուծված է։ Բայդենն այս կերպ ասաց, որ հարցը չի լուծվել, ինչը հետո վերահաստատեցին Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ դերակատարում ունի Հայաստանի իշխանությունն այս ճանաչման գործում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.

«Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի իշխանության հետ որևէ կապ չունի, որովհետև իշխանությունը որևէ բան չի արել դրան հասնելու համար։ Հայաստանի իշխանությունն ունեցել է այդ հարցում զրոյական դերակատարում»,- ասաց Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։