Ալիևը հայտարարություն արել է․ Ակնկալում ենք տեսնել Ռուսաստանի արձագանքը՝ որպես դաշնակցի

Պատերազմի սպառնալիքին չեն արձագանքել նաև հարևան երկրները՝ Վրաստանը և Իրանը
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ ընդամենն ամիսներ առաջ Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի կիրառումը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ միջազգային հանրությունը չնկատեց, ավելին՝ Ալիևի այդ հայտարարությունը մանրացվեց այն  աստիճանի, որ դրան պատասխանեց Հայաստանի ԱԳՆ խոսնակը, իսկ նրան էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Սա բավարա՞ր է, մենք գործ ունե՞նք այնպիսի շարքային իրադարձության հետ, որ կարելի է սրանով խնդիրը սպառվա՞ծ համարել», - նշել է վերլուծաբանը:

Այս համատեքստում Կարեն Բեքարյանն ակնկալում էր տեսնել Ռուսաստանի Դաշնության արձագանքը՝ որպես դաշնակցի, ում հետ ունենք անվտանգային համագործակցության իրավա-պայմանագրային դաշտ, որը հետպատերազմյան Արցախում իրականացնում է խաղաղապահ գործունեություն, Սյունիքում սահմանին հանդես է գալիս որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանջատիչ:

«ՌԴ-ի արձագանքի ակնկալիքը զուտ գեղեցիկ խոսքերի համար չէ», - ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել նաև համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի, ԵԱՀԿ-ի, որպես անվտանգային գործառույթ ունեցող կառույցի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի կողմից արձագանքի բացակայության վրա: Ալիևի կողմից պատերազմի սպառնալիքին չեն արձագանքել նաև հարևան երկրները՝ Վրաստանը և Իրանը:

«Չկա որևէ արձագանք, չկա այս ամենին որևէ գնահատական, էլ չեմ ասում դրանից բխող ինչ-որ գործողություններ, աշխարհը չկա՞ մեր շուրջ, թե՞ մենք չկանք: Ի՞նչ է փորձել  անել ԱԳՆ-ն իր ողջ դիվանագիտական անձնակազմով՝ թե՛ երկկողմ,  թե՛ բազմակողմ ձևաչափում, ի՞նչ գործողություններ է ձեռնարկել, որ այս թվարկվածներից մենք ինչ-որ արդյունք ունենայինք», - նշել է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանը չի տեսնում նաև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը: «Ո՞ւր է խորհրդարանական դիվանագիտությունը, մենք տեսա՞նք ԱԺ նախագահի դիմումը բոլոր կոլեգաներին, որ երկրին սպառնում են պատերազմով, մենք տեսա՞նք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ինչ-որ հայտարարություն, մենք տեսա՞նք որևէ աշխատանք խորհրդարանական դիվանագիության որևէ գործիքով՝ կլինի երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով: Չտեսանք», - նշել է նա:

Վերլուծաբանի խոսքով, դա չի կարող բացատրվել իբր դիվանագիտական խողովակով տարվող աշխատանքով: «Ալիևը հայտարարությունն արել է հանրային, չի արել դիվանագիտական խողովակներով և աշխատանքը պետք է ունենար իր հանրային արտացոլումը», - ասել է նա:

Մանրամասն տեսանյութում: