Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել

Բանակ պետք է ձևավորվեր և բանակը պետք է կռվեր, ոչ թե հույսը դնեին աշխարհազորի վրա

1

Սամվել Բաբայանը, որն ասում է՝ ես դեմ էի համալրման այս պրոցեսին և ինքն այլ առաջարկություն է արել, որը չի անցել, դա շատ ճիշտ է արվել, որ չի անցել․ այս մասին այսօր «5-րդ ալիքի» հետ հարազրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը պատերազմի ընթացքում հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է մի քանի ստորաբաժանում,  ընդ որում՝ այդ զինվորներին հանելով առաջնագծից: Եթե առիթ ունենաք՝ Բաբայանին հարցրեք, թե քանի փամփուշտ է կրակել նրա ստորաբաժանումներից և որտեղ են խնդիր կատարել: Ես կարող եմ փաստել, որ մեծ վնաս են հասցրել առաջին գծի ստորաբաժանումները: Ստորաբաժանումները ձևավորվել են թիկունքում, բայց որևէ խնդիր չեն կատարել, փորձել են Շուշիի օպերացիայի ժամանակ կիրառել, բայց հրաժարվել են կատարելուց»,-ասաց նա:

Հակոբյանն անդրադանալով, այն հարցին, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը և իշխանությունները պատերազմի արդյունքի համար մեղադրում են ԶՈՒ-ի գեներալներին՝ ասաց, որ այս մտածելակերպով մարդիկ առաջին հերթին պետք է հասկանան, որ երկիրն է պատերազմ վարում, ոչ թե բանակը:

«Սամվել Բաբայանը երկար ժամանակ է՝ բանակում չէ, հեռու է և չի հասկանում, թե ինչ է նշանակում մոբիլիզացիա, իսկ այդ ամբողջ գործընթացը տեղի չի ունեցել: Բնավ այնպես չէ, որ մեր հայրենակիցները չեն ցանկացել պատերազմի մասնակցել, մեծ թվով մարդիկ կամավորագրվել են և ուզել են պատերազմին մասնակցել, սակայն գնացել են մարդիկ, որոնք առաջին պատերազմի մասնակից են եղել, ֆիզիկապես արդեն կռվել չէին կարող, հաշմանդամություն ունեցողներ կամ ընդհանրապես չծառայածներ»,-ասաց նա և հավելեց, որ այս պարագայում պետք է բանակ պետք է ձևավորվեր և բանակը պետք է կռվեր, ոչ թե հույսը դնեին աշխարհազորի վրա և ըստ նրա՝ շատ ճիշտ է եղել այն, որ չի ընդունվել Բաբայանի՝ համալրման  այս գործընթացի դեմ լինելու առաջարկը: