ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:
Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:
Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաև, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:
Գեներալ Գասպարյանը հերքեց ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:
«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտեց Օ․Գասպարյանը:
Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի խոսքով, այն պետք է ներկայացվեր մարտ ամսվա ընթացքում՝ ԱԽ նիստում, բայց դեռևս ոչ մի տեղեկություն այդ մասին չկա, չնայած մարտի 30-ին ԱԽ նիստ հրավիրվել է:
Ըստ պաշտոնական տեղեկության, քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 13-ին՝ նշված նույն օրակարգով:
0Comments