2018. տնտեսությունը փռվեց ասֆալտին

Նոյեմբերի դրությամբ՝ տնտեսական աճը կազմել է 5.7%, այն դեպքում, երբ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%

Գազային կրքեր

Տնտեսական տարվա վերջին ակորդը գազի գնի թանկացման բացասական սպասումներն էին, որը նոր կառավարությունը կարծես թե կարողացավ բարեհաջող շրջանցել: Թեպետ պետք է նկատել, որ գազի թանկացման մասին խոսկացությունները ավելի շատ մտացածին էին, որովհետև Հայաստանը Ռուսաստանի հետ ունի միջպետական պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստանին գազ պետք է մատակարարվի Ռուսաստանի ներքին շուկայական գնով:  Ավելին՝ անգամ միջազգային շուկայում ևս գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել, հետևաբար գազի գնի բարձրացման իրական հիմք իրականում չկար: Ինչևէ, գազի գինը ամենայն հավանականությամբ կմնա անփոփոխ, ինչը կարող է ներկայացվել որպես դրական ձեռքբերում և կօգտագործվի ի նպաստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՊՌ-ի:

Ասֆալտին փռված տնտեսական աճ

Իսկ ընդհանուր առմամբ, անցնող՝ 2018 թվականը տնտեսության համար անբարեհաջող տարի էր, և դա արձանագրված է բոլոր վիճակագրական ցուցանիշներում: Դեկտեմբերի 20-ին հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ վերլուծությունը փաստում է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսի դրությամբ՝ տնտեսության հիմնական ոլորտներում արձանագրվել է հետընթաց:

Այսպես` նոյեմբեր ամսին գյուղատնտեսությունը կրճատվել է 8.3 տոկոսով, շինարարությունը գրեթե 0-ական մակարդակի վրա է, իսկ արդյունաբերության ոլորտն արձանագրել է ընդամենը 1-տոկոսանոց աճ: Համեմատաբար նորմալ է առևտրի ոլորտը, թեպետ այստեղ ևս աճը զգալի դանդաղել է: Միակ ոլորտը, որտեղ շարունակվել է դրական տեղաշարժ արձանագրվել, ծառայությունների ոլորտն է, որը, ինչպես մի առիթով անկեղծորեն խոստովանեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պայմանավորված է շահումով խաղերի, բուքմեյքերական գրասենյակների և կազինոների ակտիվ գործունեությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր էր ամռանը, երբ մեկնարկել էր ֆուտբոլի առաջնությունը, որի ընթացքում խուտբոլասերների կատարած խաղադրույքները տնտեսական էֆեկտ ապահովեցին: Դրանից հետո տնտեսությունը միանգամից սկսեց անկում ապրել:

Նոյեմբերի դրությամբ՝ տնտեսական աճը կազմել է 5.7%, այն դեպքում, երբ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%:  Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ևս անկում է ապրել, այսինքն` ստվերը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Եթե ընթացիկ՝ 2018 թվականը դիտարկենք հատվածաբար, ապա 2018-ի առաջին 4 ամիսներին, (այսինքն՝ մինչև հեղափոխությունը, տնտեսական աճը՝ 9.7% էր կազմում: Դրանից հետո ամռանը աճի տեմպը պահպանվել է` բարելավման միտումով, որը, ինչպես արդեն նշեցինք, մեծապես պայմանավորված է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ խաղադրույքների ակտիվությամբ: Դրանից անմիջապես հետո՝ օգոստոսից սկսած,  տնտեսական աճի տեմպը գահավիժում է: Եթե փորձենք տարին գնահատել հետհեղափոխական լույսի ներքո, ապա ստացվում է, որ հեղափոխությունից հետո լավացել են միայն կազինոների և խաղատների գործերը:

Այսինքն` հեղափոխական վարչապետի ու կառավարության անդամների խոստումները` տնտեսական հեղափոխության մասին,  իրական կյանքում գոյություն չունեն: Անգամ թվանկարչության մեծ վարպետ Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողացել քիչ թե շատ տպավորիչ թվեր նկարել` գոնե հրապարակավ հայտարարելու համար: Ցանկալի ներդրումներ այդպես էլ չկան, և առայժմ տեսանելի չեն անգամ ներդրումների հեռահար ծրագրերը: Իսկ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչը համարվող հանքարդյունաբերության ոլորտը հեղափոխությունից հետո գտնվում է ճգնաժամային վիճակում. Ամուլսարի հանքավայրի աշխատանքները կասեցված են, չի աշխատում նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հեղափոխությանը հաջորդած «ասֆալտին փռելու» օպերացիաները, որոնք նախաձեռնվեցին վարչապետ Փաշինյանի անմիջական հրահանգով, մեզանից վանեցին հնարավոր ներդրողներին: Մենք այս պահի դրությամբ ունենք կրճատված աշխատատեղեր, նոր կրճատումների սպասում պետական ապարատում և զրոյական ներդրումներ ու նոր աշխատատեղեր:

Թալանածը վերադարձնելու կասկածելի գործարքներ

Հեղափոխության առաջին օրերին ընդհանուր տպավորություն կար, թե պետական գանձարանը շատ արագ լցվելու է` թալանված գումարների բռնագանձման հաշվին: Հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ ուշադրություն էր դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին՝ հրապարակելով մեր իրականության համար բավականին հնչեղ թվեր ապօրինի հարստացման վերաբերյալ: Եթե անգամ լավատեսորեն պատկերացնենք, որ իրավապահ մարմինների կողմից հրապարակված շուրջ 10 մլն դոլարից ավել չհայտարարագրված եկամուտներն ամբողջությամբ նախկին իշխանավորները պետությունից են հափշտակել և պետք է մինչև վերջին կոպեկը վերադարձնեն բյուջե, միևնույնն է, դրանով պետության գանաձարանը չի կարող լցվել, և մեր բոլոր խնդիրները չեն լուծվի: Գողացածի կամ թալանածի վերադարձը մեկանգամյա ակցիա է, այն չի կարող բյուջեն լցնելու մշտական միջոց լինել: Բայց այս պահի դրությամբ պետական մարմինների հաշվետվությունների մեջ հստակ տվյալներ, թե որքան գումար է մտել բյուջե, չկան:

Տարբեր ոլորտներում չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը դեռ չեն նշանակում, թե այդ գումարները արդեն մուտքագրվել են պետական բյուջե: Ոչ մի լումա չի կարող հայտնվել պետական գանձաչրանում,  քանի դեռ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում: Իսկ դատարանի որոշում որևէ գործով դեռևս չկա: Բացի այդ` հարուցված գործերում մատնանշվող գումարները ավելի քան 7 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտքը մարելու համար բավարար չեն: Այդքան գումար ուղղակի չի կարող հավաքվել, եթե անգամ բոլոր հարուցված գործերով կայացվեն բռնագանձման որոշումներ: Այա պահին հայտնի է միայն ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող հյուրանոցի՝ պետությանը նվիրելու, Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի կողմից պետությանը 30 մլն դոլար նվիրելու, գեներալ Մանվելի որոշ տարածքներ պետությանը վերադարձնելու և այս կարգի մի քանի այլ փաստեր: Բայց այդքանը երջանիկ ապրելու համար շատ քիչ է: Ավելին՝ նման գործողությունները կուլակաթափության տպավորություն են թողնում և ներդրումային վիջավայրի վրա միանշանակ բացասական են անդրադառնալու: Այսպես կոչված, պետական թալանը բյուջե վերադարձնելու գործընթացը ստվերային է. հանրության համար հասկանալի չէ, թե, օրինակ, ինչո՞ւ է Ալեքսանդր Սարգսյանը պետությանը նվիրում 30 և ոչ թե ասենք 50 մլն: Այդ ի՞նչ անհասկանալի բանակցությունների արդյունքում է կայացվում Ծաղկաձորի հյուրանոցը պետությանը նվիրել-չնվիրելու որոշումը: Ի՞նչ երաշխիք կա, որ պետությանը 30 մլն նվիրած նախկին նախագահի եղբայրը, 30 մլն էլ ներկա իշխանությանը չի նվիրել: Թալանածը վերադարձնելու գործընթացը ստվերային է և առաջ է բերում բազմաթիվ կասկածներ ու հարցեր:

Արտաքին պարտք

Արտաքին պարտքի առումով Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ վատ ժառանգություն. մոտ 7 մլրդ դոլար արտաքին պարտքի բեռ: Ընդ որում, այժմ Հայաստանը թևակոխում է նախկինում վերցված վարկերի մի մասը  վերադարձնելու փուլ: Պետական բյուջեի մոտ 30 տոկոսը ծախսվում է արտաքին պարտքի սպասարկման համար: Այս ծանր միտումը պահպանվելու է նաև գալիք 2019 թվականին: Հանուն արդարության նշենք նաև, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ավելացրել արտաքին պարտքի բեռը:

Հայկ Դավթյան