Այս պատերազմը սկսելու գինը Մեղրիի միջանքն էր

Իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ծրագրավորված պատվերի հետ, որը և՛ ներսից, և՛ դրսից ունի շահառուներ
Live24.am-ը ներկայացնում է

Այս պատերազմը սկսելու գինը Մեղրիի միջանքն էր։ Այս իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ծրագրավորված պատվերի հետ, որը և՛ ներսից, և՛ դրսից ունի շահառուներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Գլխավոր հարցն ինձ համար հետևյալն է՝ դեպի պատերազմ գիտակցաբար տանելն ու այսպիսի կորուստներով Արցախը նման վիճակին հասցնելն այդ ծրագրի մե՞ջ էր մտնում, թե՞ ոչ, թեև իմ այս հարցին պատասխանելու համար կարող եմ հնչեցնել մի քանի փաստեր՝ ինչո՞ւ Մակունցը հայտարարեց, որ Թուրքիան չի մասնակցի պատերազմին, ինչո՞ւ պատերազմի ընթացքում, երբ կար նյութական, տարածքային ու մարդկային կորուստները մինիմալի հասցնելու շանս, այն չօգտագործվեց, ինչո՞ւ հանձնվեց Շուշին, ինչո՞ւ պատերազմը մինչև նոյեմբերի 9-ը ձգվեց․․. Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալիս են իմ՝ վերը թվարկած հարցի պատասխանը։ Երբ իմ թվարկած հարցերի շարքը համադրում ենք, տեսնում ենք, որ կար պլան, և հիմա, երբ մեր շիրիմները դեռ թարմ են, այդ պլանին համահունչ ուրախությամբ ասում են, որ «բացվել է լավ շանս», հետևաբար՝ կրկնում եմ, եթե պատերազմը չլիներ, այս իշխանությունն այդ շանսը չէր ունենա։ Պատերազմն ու պարտությունն իշխանության մնալու եղանակ էին ու գինը։ Պատերազմը լոկ միջոց էր իշխանությունը երկարաձգելու համար, որովհետև իշխող ուժը գիտակցում էր, որ Փաշինյանն ու նրա թիմն ահագնացող տեմպերով կորցնում են իրենց հեղինակությունը, ուստի պատերազմը դարձավ իշխանություն մնալու համար վճարված գինը»։

Դեպի Հայաստան թուրքական կապիտալի հոսքին միտված քայլերն արդյոք լինելո՞ւ են իշխանության պահպանման համար վճարվող մեկ այլ գին ևս՝ այն դեպքում, երբ նույն Թուրքիայի աջակցությամբ վարված պատերազմի հետևանքով այսօր Ադրբեջանում ունենք հարյուրավոր գերիներ, Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Գերիների հետ կապված՝ նշեմ, որ բավական է իշխանություններից մեկը փոքրիկ հակազդեցությամբ հարց դներ Մեղրիի միջանցքի ապագայի վերաբերյալ, մեկ զանգով կլուծվի գերիների հարցը, կլուծվի, եթե իշխանությունը դա անի։ Այս պատերազմի գինը եղել է այս միջանցքը, ուստի, եթե իշխանությունն ուղեղ, գիտելիք ունի, պետք է այդ շանսն օգտագործի։ Այս ամբողջ պարտիայի գոնե մեկ հաղթաթուղթ հայկական կողմի ձեռքում կլինի, եթե մենք կոշտացնենք մեր դիրքորոշումը՝ Մեղրիի միջանցքի հետ կապված, այդ թվում նաև՝ կոշտացնենք մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ»,- ասաց Դեմոյանը։