Գազալցակայաններում ստուգումներ են կատարվել, հայտնաբերվել են թերություններ

2018-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ
ԱԳԼՃԿ

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Համաձայն կանոնակարգի՝ Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:

2018-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.

  • գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,
  • գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 19.6 ՄՊա, չափը,
  • օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,
  • լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:

Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ: