Կարմիր շուկայով անցնող ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը. Պարզաբանում

Մանրամասներ

ա

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու եւ այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող  լուրերը ապատեղեկատվություն են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի  տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որեւէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, եւ դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել»,- նշել է Ավանեսյանը:

Ավելի վաղ՝ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը եւ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման եւ պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: