Հայաստանում պետք է մտածեն անվտանգության ամրապնդման մասին. Տարածաշրջանը եռում է. Զգուշացում Ռուսաստանից

Հայաստանը պետք է արագ դուրս գա ներքաղաքական ճգնաժամից, որը հասունացել է իշխանության քայլերի հետևանքով. Սկակով

ա

Վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մասնակցելու են թվով երրորդ զորավարժությանը։ Ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական զորավարժություններ տեղի ունեցան փետրվարի սկզբին՝ 1-12-ը, Կարսում, մարտի 4-ից մեկնարկել են թուրք-ադրբեջանական հրամանատարական 6-շաբաթյա զորավարժությունները։

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը հաջորդ շաբաթ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի՝ տասը հազար զինծառայողի մասնակցությամբ։ Դրանք, ըստ հաղորդագրության, կմեկնարկեն մարտի 15-ին, կշարունակվեն 4 օր՝ մոտ հարյուր միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։

«Վարժանքները կանցկացվեն լեռնային՝ դժվարին ռելիեֆ ունեցող տարածքներում, ուշադրության կենտրոնում կլինի զորքերի կառավարումն ու նրանց մարտունակության բարձրացումը, ինչպես նաև կմշակվեն հակաահաբեկչական գործողություններ և պայքարի միջոցներ՝ ապօրինի զինված խմբավորումների դեմ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Մարտի 3-ին Ադրբեջանում հյուրընկալելով Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությանը՝ Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ռազմական ոլորտում նոր դաշնակցի հետ Ալիևի վարչակազմի համագործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, Ադրբեջանում ծանոթ են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքին, ստացել են և ցանկանում են շարունակել այդ գործընթացը։ «Այժմ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակն է»,- հայտարարել էր Ադրբեջանի առաջնորդը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ 2021-ին Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում երկրի պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, դատական ու իրավապահ մարմինների ապահովմանը ծրագրվում է տրամադրել ավելի քան 6,6 մլրդ մանաթ (4 մլրդ դոլար), ինչը 16,3 տոկոսով ավելի է, քան 2020-ին։ 2021-ին նախատեսվում է տրամադրել 2,1 մլրդ մանաթ (1,23 մլրդ դոլար) Ադրբեջանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդմանն ուղղված կապիտալ ծախսերի համար։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ, հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումը, որ ուժն է ծնում իրավունք, Ադրբեջանն աշխատում է հենց այդ ուղղությամբ, և դա տեղի է ունենում պատերազմից հետո ադրբեջանական կողմի կրած հաղթանակի ոգևորության ֆոնին։

Ըստ նրա՝ պատերազմից հետո ևս Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն ակնհայտորեն խորացնում է իր ռազմական ներուժը՝ համագործակցելով հնարավոր բոլոր սպառազինության մատակարարների հետ, ունենալով դրա համար բավարար միջոցներ, ինչն էական հանգամանք է այս հարցում։ Փորձագետի կարծիքով՝ սա նաև ներքին սպառման համար է նախատեսված՝ ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով, որն իշխանությունը դիտարկում է իր օգտին գործընթաց։ Մյուս հանգամանքը, ըստ նրա, այն է, որ Թուրքիան է ուղղորդում Ադրբեջանին։

«Բնականաբար, կարևոր գործոններից մեկն էլ աշխարհաքաղաքական է, Ադրբեջանը շատ ավելի լուրջ դերակատարման է ձգտում տարածաշրջանում, թեև իր կողքին ունի Թուրքիային, որը ստվերում է Ադրբեջանին ու ուղղորդում։ Տարածաշրջանում պատերազմից հետո կարող է թվալ, որ բոլոր սպառնալիքները վերացել են, բայց դա այդպես չէ։ Ադրբեջանը համարում է, որ կարող է ուժով հարևաններին պարտադրել ծրագրեր և այդ մասին խոսում է բաց տեքստով, եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի հայտարարություն է, և այդ հայտարարության կետերի իրականացման շուրջ կարող են նոր տարաձայնություններ առաջանալ, դա ինքնին սպառնալիք է։

Հայաստանում տիրող իրավիճակն էլ խոցելի է դարձնում Հայաստանը, թեև ՌԴ-ն ՀՀ անվտանգության երաշխավորն է, սա զսպող գործոն է, բայց վտանգներ կան, քանի որ անկանխատեսելի են զարգացումները, իսկ բանակցությունները կողմերի միջև չեն սկսվել, կան եռակողմ բանակցություններ, որոնք լիովին հաջող չեն, որքան հասկանում եմ։ Բայց հակամարտությունները, փորձը ցույց է տալիս, որ երկար ժամանակ են պահանջում կարգավորման համար։ Տեսեք, թե ինչ է կատարվում Դոնբասում, մինչ սա ինչ համաձայնություններ են ձեռք բերվել կողմերի միջև։ Իրավիճակն անկայուն է նաև Սիրիայում՝ Իդլիբում, այսօր բանակցություններ են ծավալվել Թուրքիայի, Ռուսաստանի ու Քաթարի ԱԳ նախարարների միջև։

Տարածաշրջանում գործընթացները եռում են, դրանց նոր թափ է հաղորդելու նաև ԱՄՆ նոր վարչակազմը, որը կսկսի իր խոսքն ասել։ Այսինքն՝ կայուն խաղաղության համար միայն հրադադարը բավարար չէ, դա է ցույց տվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 30-ամյա պատմությունը, երբ առաջին պատերազմը դադարեց հրադադարի համաձայնագրերով։ Սակայն ներկայիս իրավիճակը տարբեր է այն իմաստով, որ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում կան ռուսական ուժեր»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ Հայաստանում պետք է մտածեն անվտանգության ամրապնդման մասին՝ դուրս գալով ներքաղաքական ճգնաժամից, որը հասունացել է իշխանության քայլերի հետևանքով։