Երբ Ալիևը խոսում է Երևանից, Զինվորականներին էլ փոխենք ու Երևանը հանձնե՞նք

Ներկայիս իշխանությունն արհեստականորեն երկարաձգում է իշխանության փոխանցման գործընթացը, որի արդյունքում կարող է այնպես ստացվել, որ նա հեռանա այնպես, ինչպես ինքը եկել է իշխանության

Հարցազույց Ռուսաստանի ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ

 – Պարոն Եվսեև, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն Փաշինյանին ուղղված հրաժարականի հայտարարությամբ ուրվագծեց ՀՀ ներքաղաքական կյանքը վերջին 10-օրյակի ընթացքում։ Իշխանության համար սա բավականին ծանր հարված էր, ինչը որակվեց մինչև անգամ ռազմական հեղաշրջման փորձ, իրավական տեսանկյունից իրավաբաններն անդրադարձան ԳՇ-ի քայլի օրինականությանը։  Ըստ ձեզ՝ ի՞նչ էր սա իրականում, որքանո՞վ էր ընդունելի և անընդունելի։

– Առաջին հերթին՝ դա ռազմական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ չէր։ Նման որակումները իրականության լիակատար խեղաթյուրում են։ Եթե ինչ-որ մեկը չի հասկանում դրանից, ապա նա կարող է գոնե ուսումնասիրել Թուրքիայում ռազմական հեղաշրջման վերջին փորձը։ Երկրի ղեկավարը, որը գուցե այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչ է ռազմական հեղաշրջումը, նա պետք է ելնի նրանից, որ ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում, որը եղավ Թուրքիայում, դրված խնդիրներից մեկն էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպանությունը։ Այս դեպքում որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի կյանքի նկատմամբ ոտնձգություն չի արել և նման սպառնալիք չի ներկայացրել։ Այստեղ ո՛չ դա, ո՛չ էլ ռազմական հեղաշրջմանը բնորոշ այլ քայլ չի արվել, ուստի պետք է ասել իրականությունը և չհորինել։ Չկա՛ հեղաշրջման փորձ։

– Իսկ ի՞նչ կա։ Ընդհանրապես, ըստ Ձեզ, նման հայտարարությամբ հանդես գալու իրավունք ներկայումս ստեղծված իրավիճակում զինվորականները չունեի՞ն։

– Կա չափազանց բարձր մակարդակի անհանգստություն Հայաստանի Հանրապետության զինվորական ղեկավարության շրջանում այն տապալող արշավի վերաբերյալ, որը եղավ Արցախի Հանրապետությունում և որը հանգեցրեց աղետի և կարող էր հանգեցնել 25.000 հայկական զորքի շրջափակմանը։ Վարչապետը սրա համար լիակատար պատասխանատվություն է կրում թեկուզ այն պատճառով, որ ՀՀ-ում մոբիլիզացիան չկրեց համատարած բնույթ և չիրականացվեց այնպես, ինչպես պետք է իրականացվեր. զինվորականներն այդ հարցը կարող են դնել նրա առջև։ Ինչո՞ւ էր ՀՀ մեկ զինծառայողին ԱՀ տարածքում բաժին ընկնում ադրբեջանցի 5 զինծառայող, ինչո՞ւ մեկ ամսից ավելի ձգվող պատերազմի ընթացքում չմոբիլիզացվեց առաջին մակարդակի ռեզերվը, ինչո՞ւ դա չարվեց, այս հարցերը զինվորականները հիմք ունեն տալ վարչապետին:

Սրանք այն որոշումներն են, որոնք չհայտարարված էին, սակայն՝ ակնհայտ։ Երկրորդ՝ ինչո՞ւ բոլոր զորքերը չմտցվեցին Արցախ, որը ևս հարց է Փաշինյանին։ Ինչո՞ւ չլիազորեց վարչապետը թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները։ Այսինքն՝ զինվորականները բազմաթիվ հարցեր ունեն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ հայտարարության մեջ պարզապես դրանք գրված չեն։

– Դուք նշեցիք պատերազմի ընթացքում սխալներ, որոնք Ձեզ համար ակնհայտ են եղել, հայտնի է, որ ԳՇ պետը զգուշացրել էր իշխանությանը, որ պարտվում ենք, սակայն դրանով, կարծես, ԳՇ-ի դիրքորոշումը սահմանափակվել է, և կան նաև կարծիքներ, որ ԳՇ-ի այս հայտարարությունն ուշացած էր, որ կա նաև ԳՇ պատասխանատվությունն այս ամենում։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցերի մասին։

– Պետք է հասկանալ հետևյալը՝ ԳՇ-ն հետաքրքրված էր, որպեսզի փրկի հայկական զորքերը, որոնք ղեկավարության քաղաքական սխալների պատճառով հայտնվել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զորքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկավոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խոսել չէր կարելի, քանի որ կային պարտավորություններ, և դրանք իրականացվում էին նաև դեկտեմբերին, և նման հայտարարությունները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։ Իսկ ի՞նչ էր ակնկալվում, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա, դա տեղի չունեցավ: Նա սկսեց ամեն կերպ երկարաձգել իր հեռանալը, և ինչ-որ պահի, երբ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց ռազմական իրավիճակի լիակատար չիմացություն, ապա խոսեց «Իսկանդեր»-ի վատը լինելու մասին, իսկ ռազմական իշխանությունը պատասխանեց այս ամենին, և վերջ։

Այս ամենը սադրել է ո՛չ զինվորական իշխանությունը, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չհասկանալով իրավիճակը, չփորձելով ճշտել՝ արդյո՞ք արձակվել են «Իսկանդերներ», կամ դեպի ո՞ւր են արձակվել, ո՞ր օբյեկտների ուղղությամբ։ Արձակվել է Շուշիի՞ ուղղությամբ, երբ Շուշին արդեն  Ադրբեջանի վերահսկողության տակ էր, թե՞ արձակվել է Բաքվի ուղղությամբ՝ որպես դեմոնստրատիվ թռիչք. սրանք հրապարակված տարբերակներ եմ ներկայացնում։ Զինվորականներին սադրեցին նաև՝ զինվորականի հեռացնելով աշխատանքից, սադրեցին և հետո զինվորականության արձագանքը ներկայացրին՝ որպես հեղաշրջման փորձ։

– Փաշինյանն օրերս ասել է, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, սակայն ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն չի հեռանում, իրավիճակը կարծես փակուղում է, և հասկանալի չէ՝ ճգնաժամն ինչպե՞ս է լուծվելու։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

– Որպես ՀՀ-ի համար մտահոգ անձ՝ գտնում եմ, որ  ներկայիս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը՝ առաջին հերթին ԼՂ-ում երկրորդ պատերազմի հետևանքով։ ՀՀ ներկայիս քաղաքական իշխանությունը սխալ կանխատեսումներ է անում, հասկանալի է, որ կա հավերժ  մնալու ցանկություն, որն անհնար է այն ողբերգական իրավիճակի պատճառով, որը ստեղծվել է երկրում պատերազմից հետո։ Ճգնաժամի պատճառն այն  է, որ Փաշինյանի հրաժարականն ուզում է հասարակության մեծ մասը՝ ոչ միայն զինվորականները։ «Ջերմաստիճանը» բարձրանալու է ՀՀ-ում, ավելի շատ մարդիկ են դուրս գալու փողոց՝ պահանջելու հրաժարականը, երբ իրավիճակն ավելի հարմար կլինի։

Ներկայիս իշխանությունն արհեստականորեն երկարաձգում է իշխանության փոխանցման գործընթացը, որի արդյունքում կարող է այնպես ստացվել, որ նա հեռանա այնպես, ինչպես ինքը եկել է իշխանության։ Սա՝ մեկ տարբերակ, որն անընդունելի է։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրություններ՝ ռազմական դրության չեղարկումից հետո։ Կամ, ինչպես Մանուկյանն է առաջարկում, իշխանության փոխանցում անցումային կառավարությանը։ Այս սցենարներից, չգիտեմ, թե որ մեկը կլինի, բայց կարծում եմ՝ ամռանն իրավիճակը կարդինալ կերպով պետք է որ փոխվի։

Երբ ռազմական ոլորտում Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակում, երբ Իլհամ Ալիևը խոսում է Երևանից, այս իրավիճակում չպետք է տարաձայնություններ լինեն քաղաքական և ռազմական իշխանությունների միջև։ Երկրորդ պատերազմի տապալման համար ո՞ւմ վրա պետք է լինի պատասխանատվությունը: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ընդունելի տարբերակը կլիներ ոչ թե ԳՇ պետի հրաժարականը, այլ քաղաքական ղեկավարության հրաժարականը։ Երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, եկեք զինվորականներին էլ փոխենք, Երևանը հանձնե՞նք. չի՛ կարելի փոխել զինվորականներին այն դեպքում, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին։ Սա աբսուրդ է։ Չպետք է սեփական աթոռի մասին մտածել, այլ պետք է մտածել այն մասին, թե ինչպես ապահովել հայ հասարակության անվտանգությունը։

168․am