«Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»․ Հռոմի պապ

Մանրամասներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ մատնանշելով կրոնական պատերազմների անթույլատրելիությունը: Իր ուղերձով Հռոմի պապը, որն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում, հանդես է եկել այսօր կայացած միջկրոնական հանդիպման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհի համար պետք են ոչ թե հաղթողներ, այլ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած անցյալի թյուրըմբռնումներին ու վերքերին, միասին առաջ կշարժվեն։ Եկեք աղոթք բարձրացնենք ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը։

Նա նշել է, որ «Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»:

«Թշնամանքը, ծայրահեղականությունը և բռնությունը կրոնական հոգուց չեն բխում։ Դրանք կրոնի դավաճանություն են։ Եվ մենք՝ հավատացյալներս, չենք կարող լռել, երբ ահաբեկչությունը քողարկվում է կրոնով։ Եվ մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է Հռոմի պապը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նաև կոչ է արել հարգել խղճի ու դավանանքի ազատությունը՝ դրանք անվանելով «հիմնարար իրավունքներ»:

Հիշեցնենք, որ Հռոմի պապն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում։