Փաշինյանի պոպուլիզմի դոզան «բիզ է սրել». ժողովրդական հուզումներ են հասունանում

Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրա­ժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքա­կան պրոցես

Ներկայացնում ենք հատվածներ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ «Ժամանակի» հարցազրույցից:

-Հայտարարել եք նոր քա­ղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին: Կա՞ ար­դյոք այդպիսի անհրաժեշ­տություն՝ մանավանդ ընտ­րություններից անմիջապես հետո:

-Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրա­ժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքա­կան պրոցես, որի իմաստը բևեռացված դիրքերում գտնվող քաղաքական ուժերի դիրքորո­շումների հավասարակշռումն է հասարակության մեջ հասա­րակական, քաղաքական կյանքում հստակություն և կանխատեսելիություն մտցնելու հա­մար՝ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտում: Ցենտրիզմի գաղափարախո­սությունը բացակայում է քաղաքական համակարգում, դեռևս չենք կարողացել այնպիսի քա­ղաքական համակարգ ձևավորել, որը կբերեր քաղաքական ծրագրերի ու տեսլականների մրցակցության: Ինչ-որ մի կե­տից պետք է սկսել...

-Նոր քաղաքական ուժը կոչվելու է ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ: Կասե՞ք՝ այսօր քանի՞ քաղաքացի է գիտակցում այդպիսի քաղաքական ուժի անհրաժեշտությունը:

-Վերջին շրջանում բավակա­նին չարչրկվեց ժողովուրդ բա­ռը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որո­շում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավա­կան մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավա­րություն չէ, ժողովրդավարու­թյունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողո­վուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը պետական մարմինների միջոցով:

-Այսպիսով՝ հետընտրական Հայաստանում ներքաղաքական հանդարտություն սպասվո՞ւմ է:

-Կարծում եմ՝ ոչ, գիտեք՝ ինչու, որովհետև Փաշինյանի կողմից պոպուլիզմի դոզան, որ տրվել է ժողովրդին, տրվել է մարդկանց, որ այսուհետև նրանք են ամեն ինչ որոշելու, տեսնում ենք, որ օրեցօր բողոքի և դիմադրության օջախներ է առաջացնում, ամեն օր առաջանում են նոր բողոքի խմբեր. Բողոքի ցույցեր, և դա շարունակվելու է: Այն բիզը, որը Փաշինյանը սրեց, 2 ծայր ուներ. պետության, պետականության մասին չենք խոսում, հիմնականում ասում ենք՝ ժողովուրդն Արցախի հարց է որոշելու, կարող է դուռ ջարդել, ինչպես ջարդում էին ռադիոտան դուռը, այսինքն՝ ջարդելու մասին է  խոսքը, և ժողովուրդը փաստացի ամեն ինչի իրավունք ունի, իմ ընկալումով՝ սա հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: