Հայտնի են 2019 թվականին սպասվող դիսնեյյան ֆիլմերի թողարկման ամսաթվերը

Կթողարկի առնվազն 10 ֆիլմ

Ամերիկյան Disney ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի պրեմիերաների ցանկը և դրանց թողարկման գրաֆիկը: Ինչպես գրում է Comicbook-ը, նախորդ տարի կինոընկերության նորույթները զբաղեցրել են ամերիկյան կինոշուկայի ավելի քան մեկ քառորդ մասը և ամենայն հավանականությամբ այս տարին նույնպես հարուստ կլինի դիսնեյյան նորույթներով:

2019 թվականին Disney-ը կթողարկի առնվազն 10 ֆիլմ, որոնց շարքին են դասվում «Կապիտան Մարվելը» (մարտի 8-ին), «Դամբոն» (մարտի 29-ին), «Վրիժառուների» նոր մասը (ապրիլի 26-ին), ինչպես նաև պինգվինների մասին պատմող մի ֆիլմ (ապրիլի 17-ին):

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է թողարկել նոր «Ալլադինը» (մայիսի 24-ին), նոր «Խաղալիքների պատմությունն» (հունիսի 21-ին) ու «Առյուծ արքան» (հուլիսի 19-ին), ինչպես նաև «Արտեմիս Ֆաուլ» (օգոստոսի 9-ին) ֆիլմը:

Աշնանը՝ նոյեմբերի 22-ին, Disney կթողարկի «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմի երկրորդ մասը, իսկ դեկտեմբերի 20-ին էկրաններին կհայտնվի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր մասը: