Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, նրանք վախենում են, հասկանում են, որ հայկական բանակը իրենց խփել է ու կխփի. Խաչատուրով

Մեզ հետ է ամբողջ բանակը, մեր ամբողջ հայկական բանակը: Սա ամեն ինչ է, այլևս գնալու տեղ չկա, մենք անպայման այս ամենն իր վերջին պիտի հասցնենք:

1

Գիտեք խնդիրը որն է, որ մեզ հիմա փորձում են ուղղորդել մարդիկ, որոնք ընդհանրապես բանակում չեն ծառայել և ամբողջ ընթացքում բանակի վրա ցեխ են շպրտում: Կոչը, որն ընտրվել է՝ ազգ, բանակ, հաղթանակ, շատ հավանեցի: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Գիտեք խնդիրը որն է, որ մեզ հիմա փորձում են ուղղորդել մարդիկ, որոնք ընդհանրապես բանակում չեն ծառայել և ամբողջ ընթացքում բանակի վրա ցեխ են շպրտում: Օրինակ՝ Փաշինյանն ասում է՝ չի ծառայել, քանի որ իր 2 եղբայրը ծառայել են, և երրորդը կարող էր չծառայել: Ամեն դեպքում Իջևանի գյուղերից՝ Ենոքավանում, ամառային արձակուրդների ժամանակ կարող էր չէ գոնե 2 օր դիրք պահել, բայց նրան այնտեղ ոչ մեկ չի տեսել, նա այնտեղ չի եղել»,- ասաց Խաչատուրովը:

Նրա խոսքով, «կա ինչ–որ Ստյոպիկ Սաֆարյան, որն ասում է, թե երբ պատերազմ էր, ինքը 14 տարեկան էր»: «1992 թվականին ինքը 19 տարեկան էր, ինչո՞ւ ես ստում Ստյոպիկ Սաֆարյան: Դու պարզապես վախկոտ ես, ճիշտը խոսիր»,- ասաց Խաչատուրովը:

Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, նա ասաց, որ դա ոչ միայն ԳՇ-ի հայտարարությունն էր, այլ ամբողջ բանակի:

«Այդ հայտարարություններն արել են բոլոր հրամանատարները, չի կարող գնդի հրամանատարը միանալ մի հայտարարության, որի հետ համաձայն չէ իր կազմը: Եթե նա միացել է, ապա նշանակում է, որ նա խոսել է գումարտակի հրամանատարի և մյուս ստորաբաժանումների հետ, իսկ նրանք իրենց հերթին ավելի ներքևի օղակների հետ: Եվ այս ամենից հետո եղավ այն, ինչ եղավ: Հենց այնպես, ոչինչ չի լինում: Մեզ հետ է ամբողջ բանակը, մեր ամբողջ հայկական բանակը: Սա ամեն ինչ է, այլևս գնալու տեղ չկա, մենք անպայման այս ամենն իր վերջին պիտի հասցնենք: Տեսնում ենք, որ Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, ամբողջ ժամանակ հայտարարություն են տարածում, բոլորը վախենում են, թե ինչ է լինելու»,- ասաց Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ չգիտես ինչու հենց Ալիևն ու Էրդողանն են անհանգստանում Հայաստանի ներքաղաքական կյանքով, որովհետև հասկանում են, որ հայկական բանակը իրենց խփել է ու կխփի:

«Ուզում եմ բոլոր իմ ծառայակիցներին, սպաներին, զինվորներին դիրքում կանգնածներին ասել, հավատացած եղեք, որ ժողովուրդը ձեզ հետ է, տասնյակ հազարավոր մարդիկ ձեզ հետ են և սիրում են ձեզ և նրանք ձեզ մենակ չեն թողնի, իսկ վերջում՝ ազգ, բանակ, հաղթանակ»,-ասաց Խաչատուրովը: