Գլխավոր շտաբը, ռազմական դրության պայմաններում, պետք է գործի՝ ինչպես գործում են զինվորականները. մենք ունենք ընդամենը 1 օր. VIDEO

Բանակն այլևս չի ենթարկվում Փաշինյանին
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարության մասին, վստահեցրեց՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբն իր տարածած հայտարարությունից հետո ունի ընդամենը մեկ օր՝ վճռական քայլի դիմելու համար՝ հատկապես, որ ռազմական դրության պայմաններում երկրում իրավիճակի տերը հենց Գլխավոր շտաբի պետն է՝ Օնիկ Գասպարյանը։

«Հիմա մենք ունենք ընդամենը մեկ օր ժամանակ։ Հիմա մեզ համար ամեն մի րոպեն ունի մեկ դարի արժեք։ Գլխավոր շտաբը ռազմական դրության պայմաններում պետք է գործի՝ ինչպես գործում են զինվորականները, իսկ նրանք գործում են իրենց քայլերի տրամաբանական հաջորդական սցենարով, հետևապես, եթե նրանք ստանձնել են պատասխանատվություն՝ հանուն պետականությունը փրկելու սուրբ գործի, հիմա պետք է ոչ մի վայրկյան ետ չկանգնեն իրենց որոշումից, կայացնեն իրավիճակից բխող ցանկացած գործողություն, որը նպատակահարմար կգտնեն։

Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ որակելուն, ապա պետք է հիշել, որ ռազմական հեղաշրջումը երևում է ոչ թե տեսական դատողություններով, այլ գործողություններով։ Գլխավոր շտաբից այս պահին ունենք կոչ՝ հրաժարական տալու։

Մարդիկ կոչ են անում Նիկոլ Փաշինյանին, որ նա հրաժարական տա, և այդ կոչն անողները բանակը չեն բերել փողոց, ընդամենը կոչ են արել, որ գնա, մինչդեռ փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը խելամտություն ցուցաբերի և հրաժարական տա, մի հատ էլ առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինը աշխատանքից ազատի Օնիկ Գասպարյանին։ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին փորձում է մեղադրել ռազմական հեղաշրջման փորձի մեջ, և դա՝ այն դեպքում, երբ նման բան չկա, բացի այդ, բանակն այլևս չի ենթարկվում Փաշինյանին»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը նաև նշեց՝ Զինված ուժերի բոլոր կառուցվածքային միավորներից հենց Գլխավոր շտաբն է, որը մինչև այս պահը ցուցաբերել է հայրենանվեր ու ազգանվեր կեցվածք, մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը գործում են հայ ժողովրդի շահերին հակառակ և պաշտպանում են այն իշխանությանը, որը ՀՀ-ի անվտանգության ուղիղ սպառնալիքն է։

«Ես կարծում եմ, որ պետք է հիմա լուրջ քարոզչական և բացատրական աշխատանք տարվի ուժային կառույցների հետ, որպեսզի մեկտեղվեն ու այս իշխանությանը վռնդեն։ Բացի այս՝ ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի և իշխանությունը զավթածին ասի, որ իշխանության գլխին մնալու իրավունք չունի»,- ասաց նա։

Այս առումով Էդգար Ղազարյանը բեկումնային համարեց Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ սպասվելիք որոշումը։

«Այս պահին նախագահն է, որը պետք է որոշում կայացնի և ցույց տա, որ ինքն իսկապես կանգնած է պետության և ոչ թե՝ անձերի կողքին։ Նախագահը կարող է այդ դիմումն ուղարկել Սահմանադրական դատարան, որտեղ, իհարկե, կա Վահե Գրիգորյան, ՍԴ ներկա նախագահ, և այլն։ Այդ դեպքում մենք չենք կարող վստահություն ունենալ, որ այնտեղ կկայացվեն մասնագիտական, Սահմանադրությանը համապատասխանող որոշումներ։ Մինչ այս պահն Արմեն Սարգսյանի դրսևորած վարքագիծը, իհարկե, հույս չի ներշնչում, և այս առումով ես ունեմ խորն անհանգստություն, բայց հույսով սպասում եմ, որ նա կկայացնի պետականամետ անձի էություն ունեցողի որոշում»,- ասաց Ղազարյանը։

Խոսելով ամեն պատեհ և անպատեհ առիթով ժողովրդի անունը շահարկող իշխանության անգործության մասին՝ Էդգար Ղազարյանը՝ որպես դրա ցցուն օրինակ, մատնանշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործելաոճը։

Ըստ Ղազարյանի՝ Միրզոյանը, չներկայանալով խորհրդարան, հատուկ տապալում է ընդդիմադիրների՝ ԱԺ արտահերթ նիստ կամ խորհրդի նիստ գումարելու բոլոր նախաձեռնությունները, և հենց այստեղ է, որ հարց է առաջանում՝ իսկ ժողովուրդը Միրզոյանին խորհրդարան էր գործուղել իր աշխատանքային պարտականությունը չկատարելու, բայց հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ, պարգևավճար ստանալո՞ւ, կնոջը մեքենա գնելո՞ւ, թե՞ այլևս լվացքի մեքենայի ապառիկի գումարի մասին չմտածելու համար։

«Ցանկացած պաշտոն դա պարտականություն է, բայց նա բոլորիս հաշվին ապրում է կառավարական ամառանոցում, ունի ծառայողական մեքենա, իր համար տներ է առել, այլևս չի մտածում լվացքի մեքենայի վարկը մարելու մասին, արդեն սեփականություններ է ձեռք բերել՝ կնոջ համար մեքենա։ Ինչի՞ համար է այս ամեն ինչը, որ նա կատարի իր ծառայողական պարտականությունները, բայց անգամ պետության համար նման կարևոր իրավիճակում նա չի ցանկանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Սրանք ցինիկ անգործություն են ցուցաբերում և իրենց իշխանությունը բանեցնելով՝ բռնություն են գործադրում բոլորիս կամքի վրա»,- խոսքը եզրափակեց Ղազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում