Ես դիմում եմ ժողովրդին. նկարեք ոստիկաններին. թող նրանց երեխանեըը տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում

Մանրամասներ

ա

Այս պահին երթի մասնակից քաղաքացիները ԱԱԾ շենքի մոտ են, այնուհետև նրանք նախատեսում են շարժվել դեպի Գլխավոր դատախազություն:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քիչ առաջ Ոստիկանության շենքի մոտ դիմեց ոստիկաններին:

Նա, մասնավորապես, ասաց. «Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային Միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել:

Այդ ո՞ւմ եք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»:

Նրա խոսքով՝ ոստիկանը պետք է ունենա բնազդ՝ ի՞նչ է նշանակում հանցագործություն, որովհետև ոստիկանների աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդկանց, հանձնեց Արցախը. «Դուք դրանից հետո իրեն հանցագործ չե՞ք համարում, թե համարում եք, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար: Այդ դեպքում դուք ոստիկան չեք, այդ դեպքում դուրս եկեք Ոստիկանությունից: Բոլորին հիշելու ենք, ես դիմում եմ ժողովրդին. բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում: Մենք սպասում ենք ոստիկանապետին, թող իջնի ներքև ու ժողովրդին բացատրի իր արածները»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում.«Դուք ուզո՞ւմ եք այդ պիտակը ձեզ կպնի, իջեք, և բացատրեք»:

Ինչպես արդեն հայտնել ենք, ակցիայի մասնակիցները գտնվում են ՀՀ ոստիկանության շենքի մոտ և պարզաբանումներ են պահանջում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից: Վահե Ղազարյանը հանձնարարել էր փոխանցել, որ կհանդիպի ընդդիմության հետ, սակայն ոչ այս անգամ: