Մատնության գինը

Մեր հոգևոր ու աշխարհիկ դավաճանության, մատնության պատճառներն իրականում մեր թուլություններն ու գայթակղություններն են

Հիսուս

Երբևէ մտածո՞ւմ ենք այն մասին, թե հնարավոր է՝ Քրիստոսին մատնենք: Անշուշտ, այս տարօրինակ հարցին  մենք երբեք չենք տա դրական պատասխան, քանի որ ինքներս մեր մեջ ունենք ընկալում, թե Քրիստոսին հնարավոր է մատնել միայն Հուդայի պես՝ արծաթ դրամների դիմաց և անմիջականորեն:

Սակայն եթե նայենք այս հարցադրմանն այլ տեսակետից, կտեսնենք, որ երբեմն իրականում մատնիչ ենք դառնում՝ զանազան ճանապարհներով:  Քրիստոսի՝ մեզ տրված պատվիրանների ու պատգամների դրժումը, խախտումն ինքնին մատնություն է, դավաճանություն Տիրոջը: 

«Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց» (Մատթ. 26:14-16):

Ստացվել է այնպես, որ մենք ինքներս էլ գործելով մեղքեր ստանձնում ենք Հուդայի կերպարը՝ դավաճանելով ու մատնելով: Ո՞րը պիտի լինի այն գինը, որի համար արժե գնալ մատնության: Եվ եթե ի պատասխան այս հարցի նշեք հոգևոր արժեքներ, ինչպիսիք են, օրինակ, սերը, բարությունը, մեկ անգամ էլ խորհեք՝ արդյո՞ք նման արժեքները մարդուն երկընտրանքի առաջ են կանգնեցնում, տանում են չարիքի ու մատնության: Մեր հոգևոր ու աշխարհիկ դավաճանության, մատնության պատճառներն իրականում մեր թուլություններն ու գայթակղություններն են: Մենք, ինչպես Հուդան, հարցնում ենք, թե ինչ կստանանք մատնության դիմաց, և ապա մատնում՝ չխնայելով:

Սակայն մեր կյանքի առաջնորդող խոսքը թող լինի ոչ թե «ի՞նչ կկամենաք ինձ տալ», այլ թե «ի՞նչ կարող եմ ես տալ»: Այդ դեպքում կհայտնվենք ճիշտ ու աստվածահաճո ճանապարհին, և մեր հոգևոր կյանքից էլ իսպառ կբացակայեն դավաճանություն ու մատնություն երևույթները:

qahana.am