Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

Գտնվում է հետախուզման մեջ

Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե երբվանից է Միքայել Հարությունյանը հանդիսացել ՌԴ քաղաքացի, Օհանջանյանն ասաց. «Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը  հայտնել էր, որ ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին:

Նշենք, որ Միքայել Հարությունյանը 2008-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, նա «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ: Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 300,1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սահմանադրական կարգի տապալում: