Ընդդիմությունը կապ չունի ժողովրդի հետ. թող իրենք հրաժարական տան. ես պնդում եմ՝ վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը. Ալեն Սիմոնյան

Մենք ուզում ենք զերծ պահել քաղաքական դաշտը ավելորդ ցնցումներից. Սիմոնյան

ա

«Իմ քայլը» ունի իր վարչապետին, եթե կա այլ կարծիք, մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ընդդիմությունը չարձաքանքեց: Արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը հենց մենք ենք առաջարկել, իսկ ընդդիմությունը մերժել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողնների հետ զրույցում ասաց Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցության այն որոշման մասին, թե արտահերթ ընտրությունների չեն գնա:

Լրագրողի այն հարցին, թե  արդյոք իր որոշմամբ իշխանությունը չի՞ փակում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը և գուցե իշխանությանն այդ դեպքում ավելի վատ բաներ սպասվեն, փոխխոսնակը արձագանքեց. «Սպառնո՞ւմ եք: Ես կասկածում եմ, որ դուք ներկայացնում եք հանրության մեջ տիրող տրամադրությունը, Դուք կոնկրետ ինչ-որ շրջանակի տրամադրություն եք մեջբերում»:

Սիմոնյանը լրագրողի հարցին հարցով պատասխանեց, նշելով՝ երբ իրենք  առաջարկում էին արտահերթ ընտրությունների գնալ և ընդդիմությունը դա մերժում էր, դրանով չէր փակվո՞ւմ սահմանադրական ճանապարհը: Նա ասաց, որ թե՛ իր,  թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ Տիգրան Ավինյանի կողմից եղել է արտահերթ ընտրությունների գնալու առաջարկ, սակայն ընդդիմադիր ուժերը դրան չէին համաձայնում:

«Ընտրված իշխանությունը, չունենալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջ, հայտարարում է, որ եթե նման պահանջ չկա, չեն գալիս նույնիսկ բանակցելու, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է, իսկ ո՞րն է սահմանադրականը: Երբ, որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսելու հարցը: Քանի դեռ պատրաստ չեն, «Իմ քայլը» ունի իր վարչապետին, եթե կա այլ կարծիք, մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ընդդիմությունը չարձաքանքեց»:

Սիմոնյանն ընդգծեց՝ եթե ընդդիմությունը չի արձագանքում, ապա պետք է նրանք անընդհատ նույն շրջապտույտը անեի՞ն, մինչև ընդդիմությունը կողմնորոշվեր, առաջարկ բերեր: «Ես նրանց պահանջը լսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը թող հրաժարական տա, ես էլ ասում եմ՝ թող իրենք բոլորով հրաժարական տան, որովհետև նրանք կապ չունեն ՀՀ-ի ժողովրդի հետ: Այո, վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը առկա քաղաքական գործիչներով՝ չբացառելով, որ «Իմ քայլի» և մնացած ուժերի վարկանիշը որոշակի առումով իջել է, բայց ես պնդում եմ, որ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»:

Ճշտող հարցին, թե  ինչո՞ւ են պարտադրում ընդդիմադիրներին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրեն, հուշագիր ստորագրեն Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև ուզում ենք զերծ պահել քաղաքական դաշտը ավելորդ ցնցումներից, քանի որ նրանք խոսում են հակասահմանադրական քայլերի գնալու մասին, սպառնալիքներից»: