Պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում է սպասվում

Իրավիճակ

ա

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է պետական համակարգի «ռեսթարթի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նա մասնավորապես նշել է՝ պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարար, պատգամավորից՝ դեսպան եւ այլն: Հոդվածը՝ ստորեւ.

«Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատեւման իրական սպառնալիքների առջեւ: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին եւ արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչեւ տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչեւ ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից եւ համատարած անվստահությունից մինչեւ հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչեւ արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք …

Բազմիցս ենք անդրադարձել նշված խնդիրներին ու հիմնապատճառներին: Այս առումով անկյունաքարային են պետական կառավարման համակարգում որդեգրված անսահման պոպուլիզմն ու ծրագրված անպատասխանատվությունը: Ցույց ենք տվել առկա խնդիրների շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսեւորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին եւ դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ:

Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով հիմա էլ պարզ է դառնում. կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների անօրինական եւ աննախադեպ բնույթի ու չափերի պարգեւատրումներից հետո գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել իրենց պոպուլիստական նոր ձեւակերպմամբ՝ պետական համակարգի «ռեսթարթին»:

Վարչապետի հայտարարած այս «ռեսթարթն» ինքնին հերթական կեղծ օրակարգն է: Պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարարներ, նախարարից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, մարզպետից՝ պետական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավորից՝ դեսպան եւ այլն:

Ի դեպ, երեխաներին դեռեւս տարրական դասարաններում սովորեցնում են հատկանշական հետեւյալ պարզ կանոնը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Հաջորդ իրական նպատակը պետական ծառայության ստորին ու միջին օղակներում հաստիքների զանգվածային կրճատումներն են: Սա պետք է առաջինը սպասել այն գերատեսչություններում, ուր «ռեսթարթի օրակարգով» այցելում է վարչապետը: Տնտեսական վրա հասնող կոլապսը անհնարին է դարձնելու նաեւ առկա ողջ ծավալով պետական հատվածի աշխատավարձերի վճարումը: Ուստի, դեռեւս թաքուն՝ նոր թափ է առնում իրենց պատկերացրած «օպտիմալացումը»:

Այսպիսով կազատվեն նաեւ իրենց քաղաքական խմբակի համար անցանկալի կադրերից, որոնց հետեւողականորեն հատկորոշել են՝ հատկապես վերջին շրջանում:

Նախ հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառավարության կառուցվածքային անհիմն փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումն ու նորերի ստեղծումը հանգեցրել են պետական համակարգի հաստիքների ու աշխատավարձի ֆոնդի էական ավելացման, այլ ոչ թե՝ կրճատման:

Տեսական ու գործնական առումներով վաղուց ապացուցված է՝ անձնակազմի կառավարման օպտիմալացումը միագործոն չէ: Համակարգային առումով ի սկզբանե ձախողված են անսահման պոպուլիզմով եւ ընդհանրական տպավորություններով այս խնդիրների հանգուցալուծումները: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի», «նախարարի աշխատավարձը բավարար չէ լավ ապրելու համար, պիտի ստանա բարձր պարգեւատրումներ, որ կաշառք չվերցնի»: Այս մոտեցումները օբյեկտիվորեն առաջ են բերել համակարգային բնույթի բազմաթիվ չլուծված նոր խնդիրներ:

Իսկ իշխանությունը կորցնելու օբյեկտիվ ռիսկերի հետեւողական աճին համաչափ՝ վարչապետի կադրային նշանակումները ստանում են խնդրահարույց նոր դրսեւորումներ: Արդեն ընտրության միակ գործոններ են սեփական կուսակցությանը պատկանելիությունը, անվերապահ հավատարմությունը իշխող քաղաքական խմբակին, մեկ անձի իշխանության աներկբա ընդունումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերը, պոպուլիստական առաջնորդության կարողությունները: Այս գործոնների կողքին անարժեք են դարձել բարձր պաշտոնի նշանակվող անձի մասնագիտական համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին, համակարգային կառավարման ունակությունները, մարդկային որակները, տվյալ ոլորտում դրական փորձառությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը:

Ամփոփելով. կադրային պետական քաղաքականության կործանարար մոտեցումը եւս բացահայտված է. «Ծառայի՛ր անձիշխանության ընդհանուր կուրսին, հանրությանը խոստացիր հնարավորն ու անհնարինը, ստացի՛ր անաշխատ պարգեւատրումներ, անհոգ եղի՛ր՝ գործնականում սեփական ձախողումների համար միշտ էլ կնշանակվեն այլ մեղավորներ, ծայրահեղ դեպքում՝ ռոտացիայով կտեղափոխվես ու կնշակավես առնվազն համարժեք այլ պաշտոնի … »»: