Արագ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հետևանքով ռազմագերիներին. ՄԱԿ հայտարարությունը

Բոլորը, ովքեր հակամարտության հետ կապված պատճառներով զրկված են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները

ա

Դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին. ՄԱԿ փորձագետների կոչը

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների փորձագետներն այսօր կոչ են արել արագ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով ռազմագերիներին և այլ գերիներին ու վերադարձնել մարմինները ընտանիքներին՝ հուղարկավորության համար՝ հարգելով մշակութային սովորույթները:

Հայտարարությունը տարածել է ՄԱԿ ՄԻ Բարձր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքը։

«Բոլորը, ովքեր հակամարտության հետ կապված պատճառներով զրկված են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի», - ասել են փորձագետները:

«Անհայտ կորածների ճակատագրի ու գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը չբացահայտելու ձախողումն ու մահացածների աճյունները հանձնելուց հրաժարվելը կարող է հավասարազոր լինել բռնի անհետացմանը, որը բացառելու պարտավորություն են ստանձնել երկուստեք Ադրբեջանն ու Հայաստանը»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրեց երկուստեք ռազմական ու քաղաքացիական գերիների: Շատ մարդիկ դեռևս հաշվառված չեն։

«Մենք անհանգստացած ենք այն պնդումներից, որ ռազմագերիները և այլ պաշտպանված անձինք ենթարկվել են արտադատական ​​մահապատժի, բռնի անհետացման, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի», - ասել են փորձագետները:

«Ինչ բացառիկ հանգամանք (պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն կամ որևէ այլ հասարակական արտակարգ իրավիճակ) էլ որ լինի, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների և բռնի անհետացումների արդարացում», - նշել են նրանք: «Նման գործողությունները, երբ կատարվում են զինված հակամարտությունում, կարող են նաև ռազմական հանցագործություններ սահմանվել»:

Բազմաթիվ հաղորդումներ կան քաղաքացիականների ու ռազմագերիների դեմ մարդու իրավունքների խախտումների և մահացածներին պղծելու մասին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք վատ վերաբերմունքի ու մարմինների պղծման մասին հաղորդված գործողություններից», - ասել են փորձագետները: «Մենք նկատում ենք, որ երկուստեք կողմերը սկսել են ռազմագերիների և այլ գերիների վերադարձը, և մենք նրանց կոչ ենք անում լրացնել բոլորի փոխանակումը, պարզել անհետացածների ճակատագիրն ու գտնվելու վայրը և արժանապատիվ վերաբերվել դիակներին»:

«Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ կատարելու մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություններ հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների ու դրա հետևանքների համար՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին հատուցում տրամադրելու նպատակով: Այս գործողությունները կնպաստեն ճշմարտությանը, հաշտեցմանն ու վերքերի սպիացմանը», - ընդգծել են ՄԱԿ փորձագետները:

Փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ ու մոտիկից վերահսկել իրավիճակը:

Կոչով հանդես եկած փորձագետներն են՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, Բռնի կամ ոչ կամովին անհետացման հարցերով աշխատանքային խմբի անդամներ՝ Թաե-Ունգ Բայքը (նախագահող զեկուցող), Հենրիկաս Միցկյավիչյուսը (փոխնախագահ), Աուա Բալդեն, Բերնար Դուեմը, Լուսիանո Հազանը, Արտադատական, կարճաժամկետ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը։