ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկրի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նյուլանդի թեկնածությունը, ով նախկին նախագահներից Օբամայի իշխանության օրոք համակարգում էր եվրասիական ուղղությունը:
Ինչպես հայտնում է The National Interest-ը, Բայդենի որոշումը հստակ ազդանշան է, թե ինչպիսի հավանական ռազմավարություն է վերջինս որդեգրելու Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ:
Պարբերականը հիշեցնում է, որ Նյուլանդը նախագահ Ջորջ Բուշի կառավարման տարիներին՝ 2005-2008 թվականներին, նրա աշխատակազմում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: 2011 թվականին քաղաքական գործիչը դարձել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը, իսկ 2013-ին զբաղեցրել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնը:
Ի դեպ, Օբամայի կառավարման տարիներին Նյուլանդը պարզապես աշխատակազմի սովորական անդամ չէր, այլ առանցքային դեր էր խաղում՝ Ուկրաինայի նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ՝ 2014 թվականի «մայդանի» ժամանակ և դրանից հետո:
2014-ի սկզբին հայտնի էր դարձել, որ Նյուլանդը ակտիվ և անմիջական մասնակցություն է ունեցել ուկրաինական նոր խորհրդարանի ձևավորման աշխատանքներում, իսկ այդ իրադարձությունների հաջող ավարտից հետո էլ շարունակել է ակտիվ դերակատարումը՝ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մշակման ու իրագործման գործընթացներում:
Նյուլանդը աջակցել է Օբամային Ռուսաստանի զսպման ու հակակշիռների ձևավորման քաղաքականության մեջ: Ուշագրավ է, որ ուկրաինական իրադարձությունների համակարգման գործընթացում Նյուլանդից ոչ պակաս ակտիվ դերակատարում է ունեցել նաև ներկա նախագահ Բայդենը, ով այդ տարիներին զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
Նա Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին ուղիղ հանձնարարականներ էր իջեցնում, որոնք ենթակա էին անվերապահ կատարման:
Հանրահայտ Նյուլանդը նաև ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության նախապատրաստման աշխատանքերում:
The National Interest-ի փոխանցմամբ՝ Նյուլանդը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Օբամայի և Բայդենի քաղաքականության հավատարիմ կողմնակիցներից է: 2020-ի ամռանը Foreign Affairs-ում հրապարակված հոդվածում նա առաջարկում է ԱՄՆ հաջորդ նախագահին՝ խստացնել մոտեցումները Ռուսաստանի նկատմամբ՝ զսպելով «ռազմական ագրեսիան», միաժամանակ մեծացնել ամերիկյան ազդեցությունն այդ երկրի հասարակության շրջանում:
Ի դեպ, Նյուլանդի առաջարկների ծանրակշիռ մասը մեծ ոգևորությամբ են ընդունվել Բայդենի կողմից՝ արժանանալով նաև նոր ձևավորվող ադմինիստրացիայի հավանությանը:
Նյուլանդի առաջադրումն, անկասկած, Կիևի իշխանության համար ուրախալի նորություն է, ինչը չի կարելի ասել Մոսկվայի մասին:
Տիկնոջ նշանակումը հստակ ազդանշան է, որ Բայդենի պաշտոնավարման ընթացքում Ռուսաստանին ԱՄՆ-ի հետ մերձեցում հաստատ «չի սպառնում»:
0Comments