Վերցնելով Շուշին ՝ ադրբեջանցիները ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ամբողջական փլուզման վտանգ. Կոնստանտին Մակիենկո

Հայերը ադրբեջանցիների նկատմամբ գերակայության բարդույթ էին ձեռք բերել
Live24.am-ը ներկայացնում է

ա

Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է երկու ամիս առաջ: Պատերազմում պարտված Հայաստանում շատերի համար նման արդյունքն անակնկալ էր: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կանխատեսել էին Ղարաբաղյան պատերազմի արդյունքը մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը սկսել էր նախահարձակ գործողությունները:

Նրանց թվում, ում կանխատեսումն իրականացել է, Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն է: Москօвский Комсомолец պարբերականը, tert.am-ի փոխանցմամբ, հետաքրքրվել է նրանից, թե ինչի՞ վրա է հիմնված եղել կանխատեսումը, և ինչը չի հաջողվել կանխատեսել:

Իհարկե, չէինք կարող պատկերացնել, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտությունում այսքան ուժեղ կլինի: Այժմ հետզհետե պարզվում է, որ ադրբեջանական ռազմական կազմավորումներում ներկա են եղել թուրք ռազմական խորհրդականներ: Եվ ոչ միայն շտաբերում, որտեղ նրանք զբաղվում էին ռազմական գործողությունների մշակմամբ և դրանց պլանավորմամբ: Նրանք ներկա էին ադրբեջանական զորքերի մարտական կազմավորումներում ՝ մինչև գումարտակի, իսկ որոշ դեպքերում՝ վաշտերի մակարդակ: Այսինքն, ըստ էության, նրանք էին ղեկավարում ցամաքային ռազմական գործողությունները:

Հասկանալի է, որ անօդաչու թռչող սարքերի օպերատորները մեծ մասամբ թուրքերն էին: Տեղեկություններ կան, որ թուրքական զինուժը ապահովել է հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի, կապի և այլ համակարգերի  ռադիոէլեկտրոնային ճնշումը:

Այն, որ Թուրքիան այսքան ուժեղ միջամտելու էր այս հակամարտությանը, իհարկե, նունպես դժվար էր պատկերացնել  2018 թվականին»,-ասել է Մակիենկոն:

Լրագրողը փորձագետին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների վերլուծության հիման վրա 2018-ին Մակիենկոն նշել էր հայկական պաշտպանության թույլ կողմերը, որոնք կարող են բերել պարտության՝ բանակի և պաշտպանական գծերի թույլ տեխնիկական հագեցվածություն, զորքերի տեղակայման ցածր տեմպ և չզարգացած ռազմական ենթակառուցվածք, և հարցրել՝ արդյոք այդ խնդիրները լուծվել են:

«Ցավոք, այս հարցերը չէին լուծվել անգամ մինչև 2018 թվականը, երբ Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության: Իսկ նրա գալով իրավիճակը միայն վատացավ:

Կարող ենք թվարկել մի քանի հիմնական սխալներ, որոնք թույլ են տրվել պատերազմից առաջ: Դա տարածքի ինժեներական պատրաստման անտեսումն է: Հարավում ՝ ռազմական գործողությունների այս թատերաբեմում, պաշտպանական կառույցները, պարզվեց, ամենաթույլն են: Երկրորդ ՝ քողարկման անտեսումը: Երրորդ՝ ծառայության  բացասական ընտրությունը, երբ առավելությունը տրվում էր նախաձեռնություն չդրսևորող սպաներին, որոնք ունակ էին միայն համաձայնություն տալ իրենց վերադասին և քաղաքական ղեկավարությանը: Այս բոլոր խնդրահարույց հարցերը չեն լուծվել:

Ինչո՞ւ:  Այս հարցին ես մասամբ պատասխանել եմ, երբ խոսում էի միջակ ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Բայց կա նաև մի երկրորդ հիմնարար պատճառ, որը մենք՝ ռուսներս, նույնպես պետք է միշտ հաշվի առնենք: 1992-1994 թվականների պատերազմի  և հետագա բախումների արդյունքում, այդ թվում ՝ 2016-ի ապրիլի, հայերը ադրբեջանցիների նկատմամբ գերակայության բարդույթ էին ձեռք բերել:

Նրանք կարծում էին, որ, չնայած ռազմատեխնիկական ապահովածության և թվային ցուցանիշներով զիջում են ադրբեջանցիներին, այնուհանդերձ իրենք կազմակերպվածությամբ և բարոյահոգեբանական հատկություններով գերազանցում են թշնամուն: Եվ հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական հետևակը և տանկիստները նույնպես կատարելապես մոտիվացված և պատրաստված են: Հակառակորդին թերագնահատելը շատ վտանգավոր բան է: Նույնիսկ թույլ արտաքին թշնամուն թերագնահատելը բերում է նման ծանր պարտությունների:

Իրականում պարզվեց, որ ադրբեջանցիները 2016-ի ապրիլից բարելավել էին հետևակի որակը, մեծացրել էին իրենց ռազմատեխնիկական գերազանցությունը և բարելավել հրամանատարության որակը: Մնացած ամեն ինչից բացի, սա ամենակարևոր դասն է ոչ միայն հայերի, այլ առհասարակ բոլորի համար: Սա ակնհայտ դաս է, բայց ոչ ոք դա չի սովորեցնում. ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել թշնամուն:

Ես չգիտեմ, օրինակ, թե ինչպես են մեր զինվորականները գնահատում ուկրաինացի զինվորականներին: Բայց այն, որ փողոցում մեր սովորական մարդը, որը հեռուստացույց է դիտում և քիչ թե շատ հետաքրքրված է քաղաքականությամբ, արհամարհանքով է վերաբերվում ուկրաինական բանակին, փաստ է: Եվ սա շատ վտանգավոր է, քանի որ ուկրաինական բանակն ամենևին էլ այն չէ, ինչ 2014-ին էր:

Հակառակորդի գերազանցությունը զգալը և թերագնահատելը կարող է շատ վտանգավոր լինել: Թշնամուն գերագնահատել, իհարկե, նույնպես չարժե, պետք է նրան ադեկվատ գնահատել, բայց դա հազվադեպ է պատահում: Բայց ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել:

Ուղղակիորեն ռազմական գործողությունների ընթացքում հիմնական սխալը կրկին հարավային ուղղության թերագնահատումն էր: Ի դեպ, նշենք, որ հայերը կենտրոնում և  հյուսիսում իրենց տարածքները հիմնականում պահել են»,-նշել է Մատվիենկոն:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք իր կանխատեսումն ադրբեջանական բանակի գերազանցության վերաբերյալ ամբողջովին իրականացել է, թե ոչ, փորձագետը ասել է.«Օպերատիվ արվեստի առումով, կարծում եմ, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական մանևրը արժանի է ուշադրության, ենթադրում եմ, որ դա պատրաստվել է ոչ առանց թուրքերի մասնակցության: Երբ ադրբեջանցիները ճեղքում էին հարավը, նրանք իմիտացիոն «կոբրայի թռիչք» կատարեցին Լաչինի ուղղությամբ: Հայերն այնտեղ  կենտրոնացրին իրենց հիմնական պաշտպանական ուժերը: Բայց իրականում ադրբեջանցիները լեռների, հովիտների երկայնքով գնացին մի փոքր ավելի արևելք՝ դեպի Շուշիի շրջան: Այսինքն՝ նրանք իրական հարվածը հասցրին ավելի արևելք:

Իհարկե, Լաչինը նույնպես առանցքային կետ է: Բայց վերցնելով Շուշին ՝ ադրբեջանցիները ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ամբողջական փլուզման վտանգ: 

Ռազմատեխնիկական առումով ադրբեջանցիների գերազանցությունը կանխատեսելի էր: Գուցե պարզապես ոչ այսչափ: 2018-ին պարզ էր, որ անօդաչու սարքերը, ներառյալ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր կխաղան: Այն, որ այդ դերն այսքան որոշիչ է լինելու, անակնկալ էր բոլորի, այդ թվում նաև անձամբ ինձ համար:

Անակնկալ էր ադրբեջանական հետևակի լրջորեն բարձրացված որակը և շատ լավ պատրաստված լեռնային թեթև հետևակային ստորաբաժանումների առկայությունը: Նույն Շուշիում հիմնականում անօդաչու սարքեր չէին աշխատում: Այնտեղ գործում էին լեռնային հատուկ նշանակության ջոկատներ, տեղի էին ունենում գրեթե ձեռնամարտեր»,-նշել է փորձագետը: