Կրակոցներ Երևանում

Կա վիրավոր

Դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում. հայտնում է  Shamshyan.com-ը։ Ժամը 22:30-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերել են կրակված հետքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ տան խնդիր է եղել․ «թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա: Եթե ՊՊԾ-ի ոստիկանները չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել»: Ոստիկանները նրանից խլել են զենքը: Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և կրակողի ինքնությունը: