Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամենակարևոր հարցը. Թուրքիան ու Բրիտանիան Ադրբեջանին թույլ կտա՞ն մտնել Եվրասիական միություն և ՀԱՊԿ:
Իմ կարծիքով ՈՉ, այս պետությունները չափից դուրս շատ ռեսուրս են դրել Ադրբեջանում՝ այն Ռուսաստանին նվիրելու համար:
ԵԱՏՄ և ՀԱՊԿ մտնելու պայմանավորվածությունը, ըստ ամենայնի, Ռուսաստանը ձեռք է բերել Ալիևի հետ, ինչը նշանակում է, որ Թուրքիայի ու Բրիտանիայի առաջնային թիրախում հայտնվելու է Ալիևը:
Մյուս կողմից Արցախում արդեն գտնվում է ռուսական ռազմական բազա և այն օրեցօր մեծանում ու հզորանում է, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության փլուզման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Օգտագործելով իրենց ազդեցության տակ գտնվող էլիտար խմբերն ու համակարգերը, նրանք կփորձեն Ալիևին փոխարինել ավելի վստահելի և ընդունելի առաջնորդով՝ կանխելով Ադրբեջանի ռուսականացումը և խափանելով Ռուսաստանի տարածաշրջանային նկրտումները:
Սա կլինի այն պարագայում, եթե Ալիևը որոշի պահել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչում ես, անկեղծ ասած, շատ խիստ կասկածում եմ:
Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ Ալիևին երկար ժամանակ չեն տվել մտածելու համար և նա իր վերջնական որոշման մասին պետք է հայտարարի Հայաստանի հետ իր համար ընդունելի «սահմանի» գծումն ավարտելուց անմիջապես հետո:
Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը հուսալի և վստահելի գործընկեր չէ և գտնվում է Բրիտանիայի և Թուրքիայի որոշիչ ազդեցության տակ, հետևաբար Հայաստանի հետ «սահմանների» գծման գործընթացը կթողնեն իրավական առումով խոցելի՝ կախման մեջ պահելով Ալիևի քաղաքական իշխանության հետագա ճակատագիրը:
Ալիևի կողմից պայմանավորվածությունից հրաժարվելը, ցանկացած հիմնավորումով կամ պատճառաբանությամբ, Ռուսաստանի կողմից ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ և անխուսափելիորեն հանգեցնելու է առճակատման՝ նախ Ադրբեջանի ներքաղաքական, ապա աշխարհաքաղաքական տիրույթում:
Սպասենք իրադարձությունների զարգացման, բայց արդեն Ադրբեջանի տարածքում»:
0Comments