Թուրքիայի փոխարեն՝ Հայաստանն Իրանից կներմուծի շուրջ 2250 անուն ապրանք. Mehr

Մանրամասներ

1

Իրանի առևտրի աջակցության կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը նախատեսում է Իրանից ներմուծել ավելի քան 2 250 ապրանք՝ Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ֆոնին: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի՝ սա լավ հնարավորություն է իրանցի արտադրողների համար:

Բացի այդ՝ կազմակերպության ներկայացուցիչը շեշտել է նաև, որ Հայաստանի հաջորդ քայլը կդառնա նաև Իրանից իրեն անհրաժեշտ հումքի մատակարարումը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը վեց ամսով դադարեցրել էր թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան՝ ի պատասխան Ադրբեջանին Թուրքիայի կողմից տրամադրված ռազմական աջակցության:

Արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, և ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ արգելքը ապրանքների գների բարձրացման պատճառ չի դառնա երկրում, քանի որ թուրքական ապրանքների սպառումն այստեղ գերակշռող չէ, և Երևանն ի վիճակի է փոխհատուցել թուրքական ապրանքների պակասն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրանը, Բելառուսը, Ռուսաստանը և Չինաստանը: