Որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից

ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին տեղեկությունները
ՀԱՊԿ

ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»գործակալությանն ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Այդ որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, 6 ղեկավարների կողմից», - շեշտել է Զայնետդինովը:

Նա նաև հայտնել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե արդյոք բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի ղեկավար արդեն ստորագրել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Այսօր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Զասի հետ, որի ժամանակ վերջինս ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը կատարած այցերի մանրամասները: Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան այցելած Զասը հայտնել է, որ այդ երկրների առաջնորդները հավանություն են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը: 

Հայաստան Զասը դեռ չի այցելել, թեև ավելի վաղ խոսել է նման մտադրություն ունենալու մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:

Հետկանչի ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիկովը:

Առավել հավանական թեկնածու է համարվում Ստանիսլավ Զասը. 54-ամյա գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը:

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում: