Սորոսը, որ Սորոս է, Դանիել Իոաննիսյանի շուրթերով հրաժարական է պահանջում, որ «Իմ քայլ»-ից ուրիշ վարչապետ նշանակի

Միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ ինքնարդարացման գերմարդկային ճիգեր գործադրող Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա. մոզին ձմռանը դժկամությամբ է լքում տաք գոմը

նիկոլ

Այլեւս անտանելի է պողոսական ինտելեկտին հարիր այն հարցադրումը, թե ով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին: Փոխարինելը մի քիչ այլ իմաստ ունի, քան, ասենք, Նիկոլից հետո Նիկոլի աթոռին նստելը: Եթե հարցը տաք հետեւյալ կերպ՝ ո՞վ պետք է նստի ՀՀ վարչապետի աթոռին Նիկոլից հետո, ես թերեւս հասկանամ, բայց երբ հարցնում եք՝ ո՞վ կփոխարինի Նիկոլին, ես նույնիսկ զայրանում եմ: Նիկոլին չի կարելի փոխարինել, նա անփոխարինելի է: Աստված չանի, որ գտնվի նրա նման մեկը եւ փոխարինի նրան: Հիմա հասկացա՞ք «Նիկոլին փոխարինելու» եւ «Նիկոլից հետո ՀՀ վարչապետի աթոռին նստելու» նուրբ տարբերությունը: Ուրեմն՝ գնանք առաջ:

Այն, որ ընդդիմությունը, իբր, աթոռակռիվ է սկսել, առաջինն ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը սիրում է առաջինը լինել ամեն ինչում: Այս անգամ էլ նա առաջինն է եւ առաջինն է սխալվելու հարցում: Այո, նա սխալվեց: Աթոռակռիվ՝ նշանակում է կռիվ աթոռի համար, իրար ձեռից աթոռ խլխլել: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների միջեւ մենք այդպիսի գզվռտոց չենք տեսնում: Ընդդիմությունը պահանջում է Նիկոլին «վերցնել» վարչապետի աթոռից եւ այդ աթոռին նստեցնել մի մարդու, որն ի զորու կլինի երկիրը դուրս բերել այս քա… կներեք, փոսից: Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք կարո՞ղ եք լինել այդ մարդը: Խնդրեմ, «վերցրեք» Նիկոլին, քերեք նրան վարչապետի աթոռից, քիմիական հեղուկով լվացեք եւ նստեք նրա տեղը: Կա ընդամենը մեկ պայման՝ խոստացեք, որ կկարողանաք չեզոքացնել Փաշինյանի ստորագրած անկապ համաձայնագրի՝ մեզ համար մահացու կետերը: Դուք այդքան ամաչկոտ չեք, Մուսինյանի շուրթերով Նիկոլին քրֆում եք, որ ի՞նչ: Նիկոլը Մուսինյանի ասելով չի գնա, կասի՝ աթոռակռիվ եք անում… Բայց եթե Դուք ասեք՝ հեռացիր, ու առաջ գաք Ձեր «ծանր նաֆասով», գուցե վախենա:

Ի դեպ, Մուսինյանին էլ շնորհակալություն՝ ածականներով կարգին նախշել է Նիկոլին: Դա արդեն լավ է եւ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինել պարզապես պետք չէ: Նրան գուցե կարելի է կառավարության բալանսից տեղափոխել այլ հաստատությունների բալանս, բայց փոխարինել՝ երբեք:

Մեր բախտը, իհարկե, բերել է, որ Փաշինյանը «իզմ»-եր չունի: Սա նշանակում է, որ Հայաստանում «նիկոլիզմը» վերացնելու խնդիր չկա: Խնդիրը Նիկոլն է ընդամենը, որին, չգիտես ով, չգիտես ինչպես, ճարեցին միլիոնների մեջ՝ այս ամենը մեր գլխին բերելու համար: Հիմա ընդունված է ասել՝ ժողովուրդը խաբվեց, քվե տվեց, աստվածացրեց, էյֆորիայի մեջ չհասկացավ, թե ինչ է անում… Սրանք ընդամենը խոսքեր են, որ հրապարակ են նետվում նախրի մեջ Նիկոլի ճակատը պաչողին եւ նրան իշխանություն վստահողին քողարկելու համար: Բայց ոչինչ, մենք դա էլ կիմանանք, եթե ուշիուշով հետեւենք Ֆեյսբուքում հայ ժողովրդի «հոգեհանգիստը» կարդացող գրագետների գրառումներին ու բանաստեղծություններին: Իսկ մինչ այդ ասենք, որ Նիկոլն այնքան անպիտան է գտնվել այս գործի համար, որ զարմացած են մնացել անգամ նրան վարչապետի աթոռին նստեցրած հայ քաղաքագիտության ռահվիրաները: Ճիշտն ասած՝ հազիվ եմ զսպում ինձ, որ այդ ռահվիրաների անունները չտամ, բայց սիրում եմ անընդհատ կրկնել՝ Նիկոլ, ես քեզ դեսը ղրկողի…

Քֆուրքյաֆարով բան դուրս չի գա: Աշխարհում շատ բան տեսած իմ ծանոթ քաղաքական գործիչներն ու գործընկերներս ամեն անգամ ինձ ասում են՝ սա գնացողը չէ: Մասամբ համաձայն եմ: Մոզին ձմռանը դժկամությամբ է լքում տաք գոմը: Միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ ինքնարդարացման գերմարդկային ճիգեր գործադրող Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա: Բայց ի՞նչ է նշանակում՝ «սա գնացողը չէ»: Այս օրերին մեկ ցուցարարին 5-6 ոստիկան է հասնում, 2-3 իրավապաշտպան։ Մի՞թե 1 ոստիկանապետ, 2 ոստիկան եւ 1 իրավապաշտպան բավական չեն, որ Նիկոլին վերցնեն վարչապետի աթոռից ու հանձնեն ընդամենը 1 դատավորի: Նիկոլն այնքան բարեկիրթ է, որ չի ընդդիմանա ոստիկանների օրինական պահանջին: Իսկ կարելի՞ է Փաշինյանին ձեռնաշղթաներ հագցնել, հանգստացնող դեղեր տալ, որ հանկարծ, շատ ներողություն, «չխույվորի»: Ի՞նչ է նշանակում՝ գնացողը չի… «Երեւան սիթի»-ից մի հատիկ ձու գողանամ՝ նկարս բոլոր թերթերում կտպեն, Յութուբ ու Ֆեյսբուք կգցեն, խնդիրը կհասցնեն ՄԱԿ: Էս մարդը մի ամբողջ ժողովրդի դարձրեց անտուն, նրա պատճառով մարդիկ իրենց տները վառեցին, երկիր կորցրինք, հազարավոր զոհեր ու անհետ կորածներ ունենք, գերիներ ունենք, թուրքը մեր տուն է մտնում, իսկ դուք ասում եք՝ գնացողը չի՞: Ասեք՝ լավ չենք պահանջում, ասեք՝ չգնացող վարչապետ չկա, կա աթոռից նրան վատ վերցնող, քերող, լվացող…

Կապիտուլյացիայից մեկ ամիս անց՝ Նիկոլը դեռ կպած է իր աթոռին: Ո՛չ քաղաքական ուժ ունի իրեն պահող, ո՛չ իրավապահ համակարգ, ո՛չ ուժային կառույցներ, ո՛չ «գաղափարակից» կուսակցություններ: Ոչ մի բան չունի: Սորոսը, որ Սորոս է, Դանիել Իոաննիսյանի շուրթերով հրաժարական է պահանջում, որ «Իմ քայլ»-ից ուրիշ վարչապետ նշանակի: Չի կարելի նման բան թույլ տալ: Դա նույնն է, թե գտնել մեկին, որ կփոխարինի Նիկոլ Փաշինյանին, իսկ փոխարինել Փաշինյանին՝ նույնն է, թե շարունակել այս մեծ ավերմունքը:

Ուրեմն պայմանավորվում ենք՝ այսուհետ Փաշինյանին փոխարինող չենք փնտրում: Շարժվում ենք ճանապարհային քարտեզով՝ Փաշինյանին վերցնում ենք աթոռից, ժամանակավորապես նստում է մի խելացի մարդ, կարճ ժամանակում կարգավորում հարցերը արտաքին ու ներքին ֆրոնտներում, կազմակերպում ընտրություններ եւ իշխանությունը մարդավարի հանձնում ընտրված վարչապետին: Եթե երկիրը համաձայն է այս տարբերակին, կարող է ընդունելի լինել Փաշինյանին հեռացնելու ցանկացած եղանակ, ընդհուպ աթոռի վրա նստած դուրս բերելը: Ես արդեն պատկերացնում եմ՝ ինչ «լայվ» կստացվի…

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ.am