Թուրքը ստեղով չպիտի անցնի. Մեղրիի բնակիչներ

Շրջապատված ենք թուրքերով, մի կողմում Նախիջեւանն է, մյուս կողմում էլի թուրքերը. մոտեցել են շատ, դիմացի սարում են
Live24.am-ը ներկայացնում է

Շրջապատված ենք թուրքերով, մի կողմում Նախիջեւանն է, մյուս կողմում էլի թուրքերը. մոտեցել են շատ, դիմացի սարում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մեղրիի բնակիչներից Սերգեյ Պետրոսյանը:

«Ստեղից 25 կմ հեռավորությունից ճանապարհ է գալիս մինչեւ այստեղ: Մինչեւ մեր սահման սարքել են թուրքերը ճանապարհը: 1988-ին Դեմիրճյանը թույլ չտեց, որ ճանապարհը սարքեն: Ես չեմ ուզում, որ թուրքերը ստեղով անցնեն»,-ասաց նա:

Մեղրեցի Մանվել Յուզբաշյանն էլ նշեց, որ Բաքվից ասֆալտապատ ճանապարհը գալիս է մինչեւ Նռնաձոր գյուղի տակ. «Ոչ ֆիզիկապես ոչ, բարոյապես չեմ ընդունում, որ իմ կողքով ադրբեջանցի անցնի: Ես ասենք գնամ Մեղրի գամ, ինքն էլ Նախիջեւանից գնա Ադրբեջան: Բացի այդ, 3 հատ սահման պետք է անցնի՝ հայկական, ռուսական եւ ադրբեջանական: Ես չգիտեմ, թե ոնց են դա կարգավորելու: Սա ողբերգություն է, մարդիկ թողնելու են գնան էստեղից, չեն ապրելու»:

Մեկ այլ մեղրեցի՝ Սամվել Առաքելյանն էլ նշեց, որ վտանգներ շատ կան, եթե ադրբեջանցիները իրենց տարածքով անցնեն. «Նրանք մեզ կվնասեն: Միշտ էլ Նախիջեւանով անցնելիս թուրքերը մեզ քարերով խփել են: Դա միշտ եղել է եւ կլինի»:

Վարդուհի Գրիգորյանն էլ նկատեց, որ ճիշտ կլինի, եթե այդ տարածքներում թունելային լինի ճանապարհը, որ շփում չլինի իրար հետ. «Համենայնդեպս, մենք խիստ մտահոգ ենք, արդեն մարդիկ վախեցած են ապրում էս տարածքում, որովհետեւ չգիտենք՝ վաղը ինչ կլինի: Ի՞նչ եղավ Արցախի հետ, նույնը կարող է մեզ հետ լինի: Մենք կտրված ենք քաղաքից ու ոչ մի ձեւով պաշտպանված չենք: Ո՞վ է հավատում, որ անվտանգ կլինի այդ ճանապարհը, երբ տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր ռազմագերիների հետ: Բա որ մի օր էլ էդ գնացքով զինվորներ բերեն լցնեն էստեղ: Մեղրին միշտ անառիկ է եղել, թուրքն էստեղ չի մտել: Շարժման տարիներին իրենց մոլլան ասում էր՝ հանկարծ Մեղրի չգնաք, Մեղրին  հնոց է, Մեղրի մտնողը կենդանի դուրս չի գա»: