Գորիս-Կապան մայրուղին մի քանի օրից նշանառության տակ կհայտնվի

Առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ

«Առաջարկում եմ մի պահ մոռանալ, թե ով է մեղավոր, և ինչ պատճառով ենք մենք այս պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրել և կենտրոնանալ ներկայի ու ապագայի մի քանի հարցի վրա: Քանի՞ զոհված զինծառայող և խաղաղ բնակիչ ունենք այս պատերազմի արդյունքում: Քանի՞ վիրավոր: Քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած: Հնարավո՞ր է արդյոք գերիներին հետ բերել, թե՞ նրանք դատվելու են Ադրբեջանում որպես հանցագործներ: Հայաստանում ո՞վ և ինչպե՞ս է զբաղվում այդ խնդրով: Ալիևը պատրաստվում է Բաքվում «հաղթանակի շքերթ» անցկացնել, որտեղ, ըստ լուրերի, անցնելու են մեր անարգված գերիները: Հնարավո՞ր է դա կանխել:

Ալիևը մեզնից մի քանի միլիարդի փոխհատուցում է ուզում, հնարավո՞ր է, որ միջազգային որևէ ատյան նման որոշում ընդունի: Արդյո՞ք հետագա «դեմարկացիաների» ժամանակ մենք ստիպված չենք լինի նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից:

Երկու-երեք օրից, երբ Կուբաթլուի շրջանը վերջնականապես հանձնվի, արդյոք թշնամու նշանառության տակ չի՞ հայտնվի Գորիս-Կապան մայրուղին: Այդ ճանապարհից հնարավոր կլինի՞ օգտվել: Եթե ոչ, արդյո՞ք այլընտրանքային ճանապարհը հուսալի է: Որքանո՞վ են պաշտպանված հայերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը:

Ովքե՞ր են զբաղվում տասնյակ հազարավոր փախստականներով: Ո՞վքեր, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով են մարդկանց տեղափոխում Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:

Եթե նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան՝ ապահովվի Մեղրիով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային կապը, արդյո՞ք դա նշանակում է, որ կապահովվի նաև Սյունիքից Նախիջևանով դեպի Իրան երկաթուղային ճանապարհը: Մեղրիի հատվածի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, բայց ովքե՞ր են ապահովելու Նախիջևանի տարածքում մեր բեռների անվտանգությունը: Ենթադրելի չի՞ արդյոք, որ այդ ճանապարհը մշտական լարվածության աղբյուր է լինելու: Եվ վերջապես. 1994-ից հետո մենք մեզ ներկայացնում էինք որպես հաղթանակած ազգ, առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում: