Եթե արդեն «ցասմամբ» ընդվզում է եկեղեցին, ուրեմն իշխանությունների հրաժեշտի ժամը հասել է

Իրավիճակ

նիկոլ

Հայ եկեղեցական կառույցները, եկեղեցականները՝ իրենք, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունեցել են չեզոք դիրքորոշում։ Նրանք բավականաչափ լայնախոհ են եղել՝ չխառնվելու հոգեւոր դաշտից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, եւ նրանց այդ պահվածքը միշտ եղել է հանուն պետականության, հանուն ազգի, հանուն հայրենիքի։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհիկ զանազան ապազգային կամ հակազգային ուժերի կողմից ոտնահարվել են եկեղեցու եւ բարձրաստիճան եկեղեցականների իրավունքները, սահմանափակվել են մարդկային ազատությունները, նրանք դարձյալ գերադասել են չարձագանքելու եղանակով լիքցքաթափել լարվածությունը։

Հիշենք երկու-երկուսուկես տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի հանդեպ կատարված ոտնձգությունները, հիշենք նաեւ դրանք կատարող ու սատարող անձանց անունները, ովքեր հետո իշխանությունների կողմից պարգեւատրվեցին զանազան պաշտոններով։ Եվ վերստին արձանագրենք՝ եկեղեցին խոհեմաբար անհաղորդ մնաց իրեն սադրելու միտված գործողություններին։ Եկեղեցու բողոքը եւ ընդվզումն ուղղակի կերպով չարտահայտվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության ապազգային ղեկավարության կողմից հայ մանուկների կրթությունից ցանկացան օտարել Հայ եկեղեցու պատմությունը՝ ուսումնական այդ առարկան ծրագրերից դուրս հանելու կամ երկրորդական թեմաների վերածելու եղանակով։ Ճիշտ է, եղավ հոգեւոր խորհրդի հորդորական բնույթի մի հայտարարություն, ուրիշ ոչինչ։

Եվ հայ եկեղեցու այս խոհեմ կեցվածքի ֆոնին այսօր որոշ եկեղեցական կառույցների եւ բարձրաստիճան եկեղեցականների պահվածքը կարելի է ասել ոչ միայն ավանդական չէ, այլեւ աննախադեպ է, ինչպես նաեւ՝ բնութագրական գործող իշխանությունների ապազգային ընթացքի նկատմամբ արդեն հոգեւոր դաշտի ուղղակի ընդվզման տեսանկյունից։ 
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի «պարականոն» վարքը իշխանությունների խորագույն զարմանքն է հարուցել՝ այնչափ, որ որոշել են սրբազանին հրավիրել ԱԱԾ։ Իսկ մարդն ընդամենը ֆեյսբուքյան էջում պահանջել է վարչապետի հրաժարականը․ «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար:

Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: Գրառման հեղինակը ո՛չ զինված մարդկանց է կոչ արել՝ պատժելու ինչ-որ ներքին թշնամիների, ո՛չ էլ հրահրել բախումներ ու անկարգություններ, այլ ընդամենը հրաժարական է պահանջել։ Եվ նրան կանչել են ԱԱԾ։ Հենց լոկ այս փաստի մեջ մեր տխեղծ իրականության ողջ փչացածությունն է, այլասերվածությունը, քաղաքական սնանկությունը եւ մեկ անձի իշխանության համավարակը։

Բայց Արշակ Սրբազանի հետ կապված պատմությանը հաջորդեց մեկ այլ, է՛լ ավելի անսպասելի եկեղեցական ներհակություն․ «Նոյեմբերի 22-ին Քուվեյթի թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Հոգշ․ Տ․ Պետրոս Վրդ․ Մանուէլեանը, Արժ․ Տ․ Արտակ Ա․ Քհնյ․ Քեհեայեանը, թեմական խորհրդի եւ ազգային վարչության ներկայացուցիչներ, նաեւ Ք․Ա․ վարժարանի տնօրենն այցելել են Քուվեյթում ՀՀ դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Սարմեն Բաղդասարյանի հետ։ Պատվիրակությունն իր ցասումն է հայտնել նոյեմբեր 9-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրված նվաստացուցիչ ու պարտվողական փաստաթղթի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի բարվոք լուծում գտնելու եւ երկիրը փակուղուց դուրս բերելու նպատակով պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու Հայաստանում ազգային միասնականության կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Պատվիրակությունը նաեւ իր խորը մտահոգությունը եւ ընդվզումն է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու՝ իշխանությունների միտումնավոր ապաժողովրդավարական քայլերի նկատմամբ։ Պատվիրակությունն այս բովանդակությամբ նամակ է հանձնել դեսպանին` հասցեագրված ՀՀ իշխանություններին»։

Անշուշտ, այս երկու՝ իրար լրացնող իրողություններից այլ եզրակացություններ պետք չէ անել, քան այն, որ եթե արդեն «ցասմամբ» ընդվզում է եկեղեցին, ուրեմն իշխանությունների հրաժեշտի ժամը հասել է։

Աղբյուրը՝ «Հրապարակ»