«ՆԳ». Ղարաբաղից հետո թուրք գեներալները եւ Ուկրաինայի գլխավոր շտաբը Ղրիմը «վերադարձնելու» գործողություն են նախապատրաստում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո Անկարան ռազմական խորհրդականներ է ուղարկում Ուկրաինա, գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով ԴԺՀ ոստիկանական վարչության աղբյուրները:

«Թուրք գեներալները, Ուկրաինայի գլխավոր շտաբի հետ միասին, իբր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը եւ նույնիսկ Ղիմը Կիեւի վերահսկողության տակ վերադարձնելու գործողություն են մշակում: Թերեւս դրանք կլինեն երկու գործողություններ, որոնք կարող են միաժամանակ չսկսվել եւ տեղի կունենան մարտական հետախուզության ռեժիմով: Ընդ որում, «թշնամու թիկունքում» նախատեսվում է ղարաբաղյան պատերազմի սցենարով գործի դնել Թուրքիայից գնված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Սակայն այս սցենարը Կիեւում շտկել են, նշում են ԴԺՀ-ում աղբյուրները:

Երկրի հարավ-արեւելքում իր թշնամիների դեմ ապագա գործողություններում ուկրաինական բանակը, բացի թուրքական անօդաչու թռչող սարքերից, նախատեսում է որպես պարտիզաններ եւ դիվերսանտներ օգտագործել օգտագործել Ղրիմի թաթարներից եւ ուկրաինացիներից կազմված տեղական բնակչությանը, ովքեր համակրում են Կիեւին: Ռազմական գործողություններին հնարավոր է նաեւ սիրիացի վարձկանների մասնակցությունը, որոնք ղարաբաղյան պատերազմում իրենց լավ են դրսեւորել Ադրբեջանի կողմից:

Այս սցենարը չի բացառում ռազմական փորձագետ եւ լրագրող Ալեքսանդր Սլադկովը: Նրա տվյալներով՝ ԴԺՀ-ն արդեն ամրապնդում է իր դիրքերը եւ վարժանքներ է անցկացնում՝ ուկրաինացի գրոհայինների հարձակումը հետ մղելու համար: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանը օգտվեց Թուրքիայի աջակցությունից: Մինչդեռ Կիեւը չի կարող պարծենալ այնպիսի դաշնակցի առկայությամբ, որը պատրաստ է անտեսել ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ճնշումները: «Կիեւը նման դաշնակից չունի: Բայց եթե Թուրքիային խոստանան Ղրիմը տեղափոխել իր պրոտեկտորատի տակ թերակղզում ռուս-ուկրաինական զինված բախման դեպքում, ապա Անկարան կարող է օգնություն ցուցաբերել:

Այդպիսի սցենարը համապատասխանում է ուկրաինական գաղափարախոսությանը՝ ավելի լավ է հասնի թուրքերին, քան մոսկալներին»,- ասում է փորձագետը:

Ռազմատեխնիկական գործոնը նույնպես կարեւոր դեր ունի Կիեւի այս մոտիվացիայի մեջ: Պաշտոնապես Ուկրաինան Անկարայից գնել է ընդամենը վեց Bayraktar TB2 ԱԹՍ, կառավարման երեք կայան, ինչպես նաեւ նրանց համար մոտ 200 բարձր ճշգրտության զինամթերք: Հաշվի առնելով, որ Կիեւը մտադիր է ձեռք բերել այս տեսակի եւս 48 ԱԹՍ (միգուցե դրանց մատակարարումն Ուկրաինային արդեն սկսված է), ապա արդյունավետ դիմակայության բացակայության դեպքում առկա ներուժը, ըստ փորձագետների գնահատականների, բավարար է ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի զինված կազմավորումների գրեթե բոլոր զրահամեքենաները շարքից հանելու համար: Ւսկ դա 300-400 զրահամեքենա է:

Նման պլանների անուղղակի հաստատումը Դոնբասի հակամարտության գոտի Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիի վերջերս կատարած այցն է: Նա Facebook-ի իր էջում հայտնել է, որ ուղեւորության ընթացքում «Գլխավոր շտաբի ղեկավարության, բրիգադների եւ գումարտակների հրամանատարների եւ նրանց տեղակալների հետ քննարկել է գործողության անցկացման գոտում առկա իրավիճակը, զորքերի հագեցածության վիճակը, զենքի եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված մոդելների շահագործման արդյունքները եւ առկա խնդրահարույց պահերը»: Թե որոնք են այդ «խնդրահարույց պահերը», Ուրուսկին չի հստակեցրել: Բայց նա գրել է. «Այժմ կա հստակ պատկերացում այն մասին, թե մեր զորքերը ինչի կարիք ունեն, ինչ է պահանջվում այսօր Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից, եւ ուր արտադրողները պետք է ապագայում շարժվեն՝ զորքերին բաղադրիչներով եւ զենքով ապահովելու գործընթացում»:

Օլեգ Ուրուսկին Ուկրաինայի կառավարության ամենաորակավորված առաջնորդներից է: Նա մասնագիտությամբ ռազմական ավիացիայի ինժեներ է, լավ տիրապետում է ԱԹՍ արտադրության գործնական հարցերին: Հենց նրան է պատկանում Թուրքիայի հետ ռազմաարդյունաբերական սերտ ինտեգրման գաղափարը: Նրա ներկայացմամբ, ինչպես այժմ պարզվել է, եւ նրա ակտիվ աջակցությամբ 2018-2019 թվականներին հնարավոր դարձավ կարճ ժամանակում սկսել ուկրաինական AI-450S շարժիչներով թուրք-ուկրաինական մեծ բարձրության Bayraktar Akinci ԱԹՍ-ներ ստեղծելու նախագիծը: Վերջերս սոցիալական ցանցերում թուրք օգտվողները ռուսերեն ֆիլմ էին տարածել այն մասին, թե ինչպես է ստեղծվել եւ փորձարկվել Bayraktar Akinci-ն, ինչպես նաեւ 2019-ի դեկտեմբերի 6-ին նրա առաջին թռիչքի մասին: Հնարավոր է, որ դա արվել է ռուսների եւ Դոնբասի բնակչության վրա բարոյական ճնշում գործադրելու համար: Ի վերջո, Ռուսաստանի Դաշնությունը հանրային տիրույթում դեռ ցույց չի տվել իր նվաճումները հարվածային ԱԹՍ ստեղծելու եւ օգտագործելու ոլորտում:

Մեկ ամիս առաջ Ուրուսկին, Անկարա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական այցից հետո, ասել էր, որ «Թուրքիան պատրաստ է ներդրումներ կատարել եւ ինքնուրույն կառուցել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության նորագույն ձեռնարկություն»: Լրատվամիջոցները գրում էին, որ դեռ 2020-ի օգոստոսին փոխվարչապետն Անկարային առաջարկել էր ձեռք բերել «Մոտոր Սիչ» ընկերության մեծ բաժնեմաս։ Այն արտադրում է ինքնաթիռների շարժիչներ, այդ թվում`Bayraktar Akinci ԱԹՍ-ի համար AI-450S:

«Կիեւում, Ադրբեջանի հաջողություններից ոգեշնչված, կարծես, ակնկալում են, որ թուրքական գրոհային անօդաչու սարքերը կդառնան Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա մարտերի հիմնական ուժը՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի զինված կազմավորումների դեմ»,- ասել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովը: Նրա կարծիքով, հենց դրա համար են աշխատում թուրք խորհրդականները ուկրաինական բանակում: Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու շաբաթ առաջ Ուկրաինա էր այցելել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուկակյուզը: Նա եւ նրան ուղեկցող անձինք այցելել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կենտրոնական օդային հրամանատարության մարտավարական ավիացիոն բրիգադ: Միեւնույն ժամանակ, դիտորդները նշում են, որ «հատուկ տողով քննարկվել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների համար ուկրաինացի օպերատորների ուսուցումը եւ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների փորձը»: «Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում, որոշ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, տեղի են ունեցել գաղտնի զորավարժություններ՝ կապված Ղրիմի եւ Դոնբասի «ազատագրման» հետ: Հնարավոր է, որ այդ զորավարժությունները շարունակվեն եւ կարող են վերածվել իրական ռազմական գործողությունների»,- նշում է Պոպովը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոյեմբերի 23-ին ուկրաինական հարվածային Bayraktar TB2-ը մանեւրներ է արել Ղրիմի սահմաններին: Իսկ նախորդ շաբաթ սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ Ուկրաինայի զինված ուժերը այդ անօդաչու սարքերն ուղարկել են Կրամատորսկի շրջան (քաղաք Դոնբասում): Քննարկվել է նաեւ, որ ԵԱՀԿ դիտորդներին թույլ չեն տալիս մտնել հակամարտության գոտում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող տարածք, որտեղ, ըստ ԴԺՀ աղբյուրների, ժամանել է Ուկրաինայի զինված ուժերի 42 տանկ:

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական տվյալների համաձայն, Դոնբասում հակամարտության գոտում գործող անօդաչուների ստորաբաժանումներին սովորեցրել են ինչպես ճիշտ օգտագործել թուրքական ԱԹՍ-ները: «Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ռուսլան Խոմչակը դեռ 2020-ի հուլիսին հրամայել էր, որ Bayraktar TB2-ի աշխատանքի ծրագիրը ներառվի բրիգադների վերապատրաստման դասընթացում՝ նախքան Դոնբասում հակամարտության գոտի ուղարկվելը: Բոլոր հարցերը մշակվել են դեռ ամռանը Ռովնոյի զորակայանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի 14-րդ մեքենայացված բրիգադը այն ժամանակ պատրաստվում էր մեկնել երկրի հարավ-արեւելք»,- նշում է Պոպովը: