Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման հարցը

Քննարկվել են նաև տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցների ընթացքում մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցելած ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության ուղևորության արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ընթացքը: 

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: