Նիկոլ Փաշինյանը պատգամավորներ է «առնում». «Հրապարակ»

Քաղաքական առևտուրը սկսված է

Կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանը, հեռանալու փոխարեն, անցել է իր աթոռը պահելու խորամանկ պլանի իրագործմանը։ Դեռ անցած շաբաթ Փաշինյանը տվեց կառավարության կազմն արմատապես փոխելու գործընթացի մեկնարկը, իսկ մինչ այդ հրապարակեց առաջիկա 6 ամսվա ճանապարհային քարտեզ՝ հայտարարելով, որ «իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն» ինքն է, ուստի՝ «ոչ միայն մտադիր չէ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված է այդ գործին»:

Թվում էր, թե կադրային նշանակումները միտված են լինելու, ինչպես ինքն է ասում, «իրավիճակը հաղթահարելուն», սակայն իրականում դրանք վկայում են, որ լուծվում է մի խնդիր՝ սեփական աթոռը պահելու խնդիրը։ 

Թվում էր, թե պատերազմից հետո առաջինը պետք է ազատվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հայտնի է որպես սորոսական շրջանակների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը կառավարությունում, եւ որին ի սկզբանե դեմ են եղել մեր ռազմավարական դաշնակիցները, նրան չեն վստահել եւ, ինչպես բազմիցս գրվել է՝ չեն աշխատել նրա հետ։ Բայց, ինչպես տեսնում ենք, Արմեն Գրիգորյանն իր պաշտոնում է։ Եվ, ամենայն հավանականությամբ, կմնա, որովհետեւ խորհրդարանում կան մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, որոնք իշխանության սորոսական փայատերերից են եւ որոնք Նիկոլ Փաշինյանին սպառնացել են, որ  Գրիգորյանին զոհաբերելու դեպքում իրենք կմիանան վարչապետի անվստահությունը հայտնողների բանակին ու կաջակցեն այդ գործընթացին։ Մեզ ասացին, որ ծանր զրույց է կայացել նրանց եւ Փաշինյանի միջեւ, եւ վերջինս հետ է կանգնել իր մտադրությունից՝ փոխել Արմեն Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ սորոսական պատգամավորների խմբում են Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գալստյանը եւ ուրիշներ, նվազագույնը՝ 7, առավելագույնը՝ 10 պատգամավոր։

Աթոռն անառիկ պահելու տրամաբանության շրջանակներում էր նաեւ  Զարուհի Բաթոյանին նախարարի պաշտոնից հեռացնելն ու «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանին նշանակելը։ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես հայտնի է, ձեւավորվել է քաղաքական 2 ուժից՝ «Քաղպայմանագրից» եւ «Առաքելությունից», Բաթոյանի թիկունքում պատգամավոր չկա։ Իհարկե, նա էլ է համարվում սորոսական համայնքի ներկայացուցիչ, բայց, ըստ ամենայնի, համայնքն այնքան էլ հակված չէ պայքարել նրա համար, եւ այս առեւտրում շահել է Մեսրոպ Առաքելյանը, ում նշանակումը Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում 4 ձայն է «ապահովել»՝ ի դեմս Վահե Հովհաննիսյանի, Կորյուն Մկրտչյանի, Արտաշես Պետրոսյանի եւ Եղիշե Սողոմոնյանի։ 

Պատահական չէր նաեւ պաշտպանության նախարարի փոփոխությունը, մի կողմից՝ պարտության մեղքը կբարդեն ՊՆ-ի վրա, մյուս կողմից՝ Դավիթ Տոնոյանին հեռացնելով՝  Փաշինյանը խորհրդարանում ձեռք բերեց մի խումբ հավատարիմների ձայնը՝ ի դեմս Տոնոյանի ոխերիմ ախոյան Անդրանիկ Քոչարյանի, ով պատերազմից հետո բացահայտ, իսկ դրանից առաջ էլ ծածուկ պայքարում էր Տոնոյանի դեմ։ Իհարկե, նա կնախընտրեր անձամբ զբաղեցնել այդ յուղոտ աթոռը, բայց պատերազմից հետո, հասկանալով, որ դա անհնարին է, առաջ է «բրթել» իր թեկնածու Վաղարշակ Հարությունյանին, ինչը, ըստ լավատեղյակների, գրեթե նույն բանն է։ Անդրանիկ Քոչարյանի հետ տանդեմ է կազմել նաեւ անկախ ներկայացող Արման Բաբաջանյանը, ով իր ղեկավարած լրատվամիջոցով մասնակցում էր Տոնոյանին սեւացնելու գործընթացին։ Տոնոյանի հեռացումից եւ Վ․ Հարությունյանի նշանակումից հետո Բաբաջանյանի լրատվական ռեսուրսը կրկին լծվել է Փաշինյանի գովքն անելու գործին։ Փաշինյանը հույս ունի, որ Անդրանիկ Քոչարյանի միջոցով կհաջողվի եւս մի քանի պատգամավորի վրա ազդեցություն ունենալ, որոնք չեն միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ի դեպ, ժամանակին վարչապետ դառնալուց հետո Վազգեն Սարգսյանի ընտրությունը պատահական չէր կանգ առել Վաղարշակ Հարությունյանի վրա, ով 1999-2000թթ․ Պնախարար աշխատեց եւ հեռացավ Արամ Սարգսյանի հետ։ Այն ժամանակ էլ ասում էին, որ իրական նախարարը Վազգենն է, ով ընդամենը տեղապահ է նշանակել Հարությունյանին։ Այնպես որ, պատմությունը կրկնվում է, հիմա էլ իրական նախարարը լինելու է Քոչարյան Անդրանիկը, ով ՊՆ  մատակարար դառնալու հավակնություններ ունի։

Հիշեցնենք․ մի քանի օր առաջ գրել էինք, որ անգամ պատերազմի օրերին իր մտերիմ կանադահայ գործարարի միջոցով փորձել էր շուկայականից թանկ գներով զենք վաճառել բանակին։ Երեկ արդեն երեւացին առաջին ծիծեռնակները, Քոչարյանը հայտարարեց, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վարչապետի խոսնակը հերքեց, ինչը նշանակում է, որ վարչապետի կաբինետում էլ վերջինն են իմանում, թե ով պետք է աշխատի ՊՆ-ում, ով՝ ոչ։

Առուծախ է ընթանում նաեւ Փաշինյան-ՀԱԿ շրջանակների միջեւ։ Ինչպես հայտնի է, իշխող խմբակցությունում մի խումբ էլ տերպետրոսյանական թեւից է՝ Արուսյակ Ջուլհակյան, Հովհաննես Իգիթյան, Ծովինար Վարդանյան, ով առաջին նախագահի իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Գեւորգ Վարդանյանի՝ Ժոկոյի դուստրն է, լոռեցի Արամ Խաչատրյան, Սոնա Ղազարյան, ով Արշակ Բանուչյանի հարսն է, եւ այլք։ Խոսքը 10-15 պատգամավորի մասին է։ Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է, որ տերպետրոսյանական կադրերի նշանակմամբ էլ հնարավոր է կանխել խորհրդարանական այս խմբակի դավաճանությունը։ Երեկ առավոտյան մենք գրեցինք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի փոխարեն նախարար կնշանակվի ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ով երդվյալ լեւոնական է, տեւական ժամանակ հավակնում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում չուներ մեծամասնություն, եւ նրա ընտրվելու հավանականությունը մոտ էր զրոյին, ուստի որոշվել է ռեկտորի փոխարեն նախարար նշանակել նրան։ Երեկոյան արդեն հրամանագիրը հրապարակվեց։

Դումանյանն այն 5 անձանցից էր, ով դեմ էր քվեարկել ԵՊՀ գիտխորհրդի վերջին հայտարարությանը, որն անցել էր 48 ձայնով, եւ որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԿԳՄՍ նախարարի թեկնածուն թեեւ ԵՊՀ-ում մեծ հեղինակություն չի վայելում, սակայն կարող է կամուրջ դառնալ Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի միջեւ, նպաստել, որ ՀԱԿ շրջանակները չպահանջեն նրա հրաժարականը, եւ «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների էլ բերել Փաշինյանի դաշտ։ 

ՀԳ․ Հիշեցնենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ձայները չեն բավարարում, նրանք միասին ունեն 41 մանդատ, մինչդեռ հարկավոր է 66-ը, այսինքն՝ առնվազն 25 իմքայլական պատգամավորի աջակցություն է պետք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում