Եթե այսօր մեր երեխեքի հետեւից չեն գնում, վաղն էլ ձեզ շան տեղ չեն դնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ իրենց տղաները կարող էին թողնել հետ գալ, բայց մնացել են հանուն հայրենիքի

Այսօր ամեն մի տարածքը տալու մասին օր ու ժամ են որոշում, բայց ընկած կամ գերի ընկած երեխեքի հարցում ո՞ւր է այդ կատարած կետերից գոնե մի մասը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, նշեց ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողներից մեկը:

Ծնողներից մի կին էլ ասաց. «Իմ երեխան կամ թուրքերի մոտ է, կամ անտառում է: Կոնկրետ իմ, տղան հրամանատարությունը վերցրել է իր վրա ու չի փախել: Ամսի 16-ին տղայիս ընկերոջը զանգել են ծնունդի համար, զանգը գնացել է: 17 վայրկյան զանգը գնացել է, անջատել են, դա նշան չի՞, որ մարդիկ ողջ են Մենք հավատացինք, որ մեր երեխեքին չեն քցի: Ես չէի պատկերացնում, որ հայ զինվորի հետեւից չեն գնա»: Նա հավելեց, որ իրնքը Դավիթ Տոնոյանի հետ չի հանդիպել, բոլոր տվյալները տվել է համապատասխան հանձնաժողովին ու սպասել է պատասխանի:

Նա նաեւ հավելեց. «Եթե այսօր էս երեխեքի հետեւից չեն գնում, վաղն էլ ձեզ շան տեղ չեն դնելու, հիշեք բոլորդ: Երկրորդ տղուս զոռով եմ պահել, գնացել էր եղբորը ման գալու, սահմանից ռուսները հետ են տվել: Ես այ սենց կուշտ եմ էս երկրից»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ իրենց տղաները կարող էին թողնել հետ գալ, բայց մնացել են հանուն հայրենիքի. «Հիմա սե՞նց են մեզ պատասխան տալիս: Մեր երեխեքն արժանի չէին սրան»:

Անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ պատմեց, որ որդին մեքենայով զենք է տարել, հետո պարզվել է, որ կողքին նտակ հրամանատարը թողել փախել է. «Մեզ ասում են՝ իր հետ ամսի 25-ից կապ չենք ունեցել: Ո՞նց չեք ունեցել, բա ո՞նց է ամսի 27-28-ին մեզ հետ խոսել»:

Ակցիայի ժամանակ մի փոքր միջադեպ գրանցվեց. Մեկը լրագրողների հետ սկսեց քաղաքական երանգներով խոսք հնչեցնել, որից հետո ծնողները արգելեցին նրան խոսել. «Մենք եկել ենք մեր երեխեքի համար, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում»,-ասաց ծնողներից մեկը: