Որտե՞ղ էր պատերազմի նախօրյակին Դավիթ Տոնոյանը և ինչո՞ւ էր այնտեղ

Ուստի ավելի է ընդգծվում հարցը, թե՝ պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»
Live24.am-ը ներկայացնում է

Միանգամից ասենք՝ հարցը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին է ուղղված: Այն Դավիթ Տոնոյանին, որ «բարեհաջող» պարտվեց նաև ներքին մարտը փաշինյանի մեկ այլ կամակատար Անդրանիկ Քոչարյանին ու, «տագդիգագան նահանջով», թողեց նախարարի պաշտոնը: Ասում են, ինչ-որ Վաղարշակ Հարությունյան է այն գրավել, բայց դա արդեն անէական է:

Դավիթ Տոնոյանը ոչ միայն թողեց նախարարի պաշտոնը, այլև հայտարարեց, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Դա ընդունենք «ի գիտություն»: Չէ, լավ է, որ պատրաստ է: Չնայած, մյուս կողմից, թե չէ, որ պատասխանատվության պահը եկավ, իրեն պիտի հատուկ հարցնե՞ն. «Պատրա՞ստ է արդյոք այն կրել»: Ի դեպ, այդ պահը հեռու չէ, ինչպես հիմարաբար կարծում են իշխանությունից կառչածներն ու նրանց համապատասխան տեղերից կախվածները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մի խոսքով, գնաց: Նա փաշինյանի անկապ «գերագույն» հրամաններից հետո չգնաց, ստախոսությամբ հանրությանն ու ազգին մոլորության մեջ գցելուց ու ապակողմնորոշելուց հետո չգնաց, «գերագույնի»՝ ափալ-թափալ ստորագրած կապիտուլյացիայի խայտառակությունից հետո չգնաց: Մի 10 օր «ձգեց», մի քիչ էլ Քոչարյան Անդոյից մի երկու ծաղրական բան լսեց, նրան էլ ինքը մի երկու ծաղրական բան ասաց, և դրանից հետո գնաց:

Բայց, պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց ...«ծաղիկ»: Այսինքն՝ առանց ամենատարբեր կողմերից հնչող բազմազան հարցերի պատասխանելու:

Առաջին հարցը այնպես չէ, որ չի հնչել, բայց հիշեցնենք. որտե՞ղ էր պատերազմի նախօրյակին Դավիթ Տոնոյանը և ինչո՞ւ էր այնտեղ: Ասում են, որ Հայաստանից դուրս մի տեղ Դավիթ Տոնոյանը մասնակցում էր «փամփուշտ Դեյվիդի», նույն ինքը՝ «պատրոն Դավիթ», ծննդյան տարեդարձի խնջույքին: Այդպե՞ս է: Արձագանք եղել է, բայց ամենևին համոզիչ չէր: Այ, եթե ՊՆ սեպտեմբերի 26-28-ի մուտքի-ելքի գրագրությունը «բարձրացնեն», գոնե ինչ-որ բան կհստակվի:

Լավ, իսկ «Օսա»-ների գործա՞րքը: Զանազան օգտատերեր խոսեցին դրա մասին, համացանցում փաստաթղթերի փաթեթներ սկսեցին շրջանառվել ու, ոչ միայն «Օսա»-ների գործարքի վերաբերյալ: Այլ գործարքներ էլ կարծես ի հայտ եկան և ուրվագծվեցին: Ի դեպ, նույն «փամփուշտ Դեյվիդի» անվան շոշափմամբ: Ո՞վ պետք է այս հարցերին փաստարկված պատասխանի, պարոն Տոնոյան:

Լավ, դեռ ֆեյսբուքյան օգտատերերին, համացանցային բացահայտումները միառժամանակ դնենք մի կողմ:

ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը արեց բազմաթիվ բացահայտումներ, ներկայացրեց ուղղակի ահավոր փաստեր: Ու, ի՞նչ ասաց պաշտպանության նախարարույթունը, այն անհեթեթությունից բացի, թե «հայտարարույթունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են»: Հասկանո՞ւմ եք՝ միաժամանակ, էլի. «իրականությանը չհամապատասխանող պետական գաղտնիքներ»:

Ուստի ավելի է ընդգծվում հարցը, թե՝ պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»:

Ի դեպ, լավ է, որ ասվում է, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Բայց Դավիթ Տոնոյանը դա ինչպե՞ս է պատկերացնում: Ասենք՝ ի՞նչ կարգի պատասխանատվություն նա նկատի ունի. քաղաքակա՞ն, իրավաքրեակա՞ն, թե՞ խիղճը տանջելու, այսինքն՝ անհատական հոգեկան տառապանքներով: Եվ այս խայտառակության ու աղետի մեջ, կներեք, կոնկրետ ո՞րն է Դավիթ Տոնոյանի պատասխանատվության բաժինը: Սա էլ է հետաքրքիր: Եվ վերջապես, ո՞ւր մնաց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգը: Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ նոր տարածքներ, իսկ մենք հանձնեցինք: Պատասխան տալու բան չկա՞ այս թեմայով:

Հա, իսկ մյուսները, որոնց թվում է, թե «պլստացին» կամ ոստիկանության անվան տակ դիմակավորված ոհմակները մարդկանց վրա քսի տալով գլուխները կպրծացնեն, թող իզուր չուրախանան: Ձեր «ծաղկավորվելու» հերթն էլ գալու, ավելի ճիշտ՝ գալիս է, արդեն շքամուտքում է ու բարձրանում է աստիճաններով, մինչև ձեր դուռը մնացել է յոթ, վեց, հինգ, չորս... քայլ:

Արմեն Հակոբյան

7or.am